Ավելի մոտ բնությանը. Երևանի Էկզոտարիումներն ու կենդանաբանական այգիները

Ավելի մոտ բնությանը. Երևանի Էկզոտարիումներն ու կենդանաբանական այգիները

PanARMENIAN.Net - Գիտնականներն ասում են ու շատերիս սեփական փորձը ցույց է տալիս, որ կենդանիների հետ շփումը նվազեցնում է սթրեսի մակարդակը: Ասում են՝ կենդանիները կարող են նաև մարդկանց ստիպել ավելի ակտիվ և ուրախ լինել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է այն վայրերը, ուր կարելի է այցելել քաղաքաբնակներիս՝ կենդանիների հետ շփման բացը լրացնելու և դրական էմոցիաներով լիցքավորվելու համար:

Ամենամեծն ու ամենաբազմազանն, իհարկե, Երևանի կենդանաբանական այգին է: Այն բացվել է 1940-ին: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ կային: Այսօր այցելուներին սպասում են արդեն մոտ 40 տեսակ թռչուն (այդ թվում՝ արծիվներ, անգղներ ու սիրամարգեր), 40-ից ավելի տեսակ կաթնասուն (այդ թվում՝ արջեր, առյուծներ ու ընձառյուծներ, փիղ, գետաձի) և մոտ օձի մոտ 10 տեսակ՝ այդ թվում իրենց գեղեցկությամբ հիպնոսացնող վագրանախշ ու մեհենագրային պիթոնները, ծիածանագույն ու մադագասկարյան վիշապները:

Տոմսերի գները տատանվում են 200-ից 1200 դրամի սահմաններում՝ կախված շաբաթվա օրից և այցելուի տարիքից: Կենդանաբանական այգու մուտքն անվճար է մինչև 3 տարեկան և 70-ից բարձր այցելուների համար:

Էկզոտիկ կենդանիների բազմազանությամբ հաճելիորեն զարմացնում է երևանյան Էկզոտարիումը, որը տեղակայված է Կայարանի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի 80/1 հասցեում: Այն բացվել է 2005 թվականին (ի սկզբանե՝ այլ վայրում): Այստեղ կարող եք հանդիպել թութակների, որոնք սավառնում են այցելուների գլխավերևում, բարևում բոլորին և ուրախությամբ 1-2 բառ փոխանակում, կապիկների, կոկորդիլոսանման կայմանի, լամայի և շատ այլ էկզոտիկ կենդանիների:

Այս յուրահատուկ կենդանիներն «Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանի ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող անհատական հավաքածուն են: Էկզոտարիումը բաց է առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Մուտքի տոմսի արժեքը 600-ից 1000 դրամ է:

Ժամանցի ու կենդանիների հետ շփման հետաքրքիր տարբերակ է առաջարկում նաև Երևանից ոչ շատ հեռու՝ Ձորաղբյուր գյուղի տարածքում տեղակայնված «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանը: Այստեղ կան թութակներ, կապիկներ, սողուններ, ընձառյուծներ, հսկայական կրիաներ,անգամ՝ հեպարդ: Կենտրոնում կա նաև ձիարշավարան, լողավազան ու բատուտ: Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն էկզոտարիում անվճար է, ավելի մեծերի համար՝ 500 դրամ:

Երևանում կան նաև մի քանի փոքր կենտրոններ, որտեղ երեխաները հնարավորություն են ստանում խաղալ կենդանիների հետ և սիրել նրանց, սովորել՝ ինչպես է պետք շփվել մեր փոքրիկ բարեկամների հետ, որպեսզի չվնասվեն ու չվնասեն: Դրանցից են «Երևան մոլի» տարածքում գործող MiniZoo-ն՝ իր նապաստակներով, կրիաներով ու թութակներով, ինչպես նաև՝ «Էլ Գարդենի» մանկական հատվածի փոքրիկ «ֆերման»՝ իր բադերով, ճագարներով ու խոզուկներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---