Բրիտանացի փորձագետ. Կոսովոյի նախադեպը կարելի է օգտագործել նաեւ Ղարաբաղի հակամարտության պարագայում

PanARMENIAN.Net - Չնայած, որ գրեթե ողջ միջազգային հանրությունը գտնում է, որ Կոսովոյին անկախության տրամադրումը այլ հակամարտությունների համար նախադեպ չի ստեղծի, Kings University-ում Միջազգային հարաբերությունների եւ ահաբեկչության բաժնի ղեկավար, բրիտանացի վերլուծաբան Անատոլ Լիվենը համաձայն չէ այդ կարծիքի հետ: Նրա խոսքերով, Կոսովոն եւ Լեռնային Ղարաբաղը տարբեր հակամարտություններ են, սակայն մի տարածաշրջանում կատարվող դեպքերը որոշակի ազդեցություն կունենան այլ տարածշրջանում կատարվողի վրա: Նա գտնում է, որ Կոսովոյի նախադեպը կարելի է օգտագործել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում: «Ինչու՞ ոչ: Շատ հեշտ է ասել, որ նրանք բոլորը յուրահատուկ են, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ով է դա ասում»,- նշել է փորձագետը: «Ես չեմ հավատում, որ ռուսները կպաշտպանեն Լեռնային Ղարաբաղի հայերին. դա չի լինի Կոսովոյի անկախության ուղղակի ազդեցությունը: Սակայն հայերը, անկասկած, կոգեշնչվեն դրանից»,- գտնում է Լիվենը:



Մեկնաբանելով Ռուսաստանի խոչընդոտումը Կոսովոյի անկախությանը եւ սատարումը Հարավային Օսիայի ու Աբխազիայի նման անջատողական վարչակարգերին` Լիվենը կանգ է առել երկու պատճառների վրա: «Առաջին հերթին, աբխազներն ու օսերը` Հարավային Կովկասի ժողովուրդները, ովքեր սերտ կապեր ունեն ռուսների հետ: Իհարկե, նրանք այլեւս չեն ցանկանում հուզումներ Հյուսիսային Կովկասում: Երկրորդ հերթին, ռուսները թշնամաբար են վերաբերվում վրացիներին եւ չեն պատրաստվում նրանց համար ինչ-որ բան անել, իսկ Ադրբեջանի հետ Ռուսաստանը փորձում է լավ հարաբերություններ կառուցել»,- ասել է Լիվենը:



Վերլուծելով բարդությունները, որոնց բախվում է Արեւմուտքը, փորձելով հավասարակշռել մարդկանց անկախության կոչը գոյություն ունեցող պետությունների ամբողջականությունը պահպանելու ցանկության հետ` Լիվենն ասել է, որ դա մասամբ կախված կլինի այն բանից, թե ինչ կլինի հետագայում: Նրա խոսքերով, եթե խաղաղ բանակցությունների միջոցով Կոսովոն անկախություն ստանա, ապա ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում կարելի կլինի հաջող համարել: «Իսկ եթե Կոսովոյի անկախությունը հանգեցնի ավելի լուրջ բախումների Սերբիայի հետ եւ ալբանական անջատողականության ներթափանցմանը Սերբիա, իսկ հետո Մակեդոնիա, ապա, իհարկե, ԱՄՆ-ի ողջ քաղաքականությունը տարածաշրջանում, սկսած 1999 թվականից եւ Կոսովոյի պատերազմից, կըննկալվի որպես աղետ: Սակայն մենք դեռ չգիտենք` ինչ կլինի»,- ասել է վերլուծաբանը, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---