Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորել է իր երկրի քաղաքացիներին չայցելել Արցախ

Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորել է իր երկրի քաղաքացիներին չայցելել Արցախ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է Թուրքիայի քաղաքացիներին չայցելել Արցախ: Հայտարարությունը տարածվել է սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին:

Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնվել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Թուրքիայի քաղաքացիներին զգուշացվում է՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չայցելել Արցախ: «Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության այց կատարելը հակասում է միջազգային իրավունքին, իսկ Ադրբեջանի օրենքներով դրանց համար տարբեր պատիժներ են նախատեսվում»,- ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հորդորել է քաղաքացիներին խուսափել Արցախ այցելելուց, «քանի որ այդ տարածքներում հնարավոր չէ Թուրքիայի հյուպատոսական առաքելության միջոցով իրականացնել քաղաքացիների անհրաժեշտ պաշտպանությունը»,-հայտնում է Ermenihaber-ը:

Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանը նշյալ անձանց ձերբակալելու համար դիմել է Թուրքիայի համապատասխան կառույցներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---