Մինչև Ամանոր Կապանը միջազգային չափանիշներով կինոթատրոն կունենա

Մինչև Ամանոր Կապանը միջազգային չափանիշներով կինոթատրոն կունենա

PanARMENIAN.Net - Կապանցիներն այսուհետ ֆիլմ նայելու համար ստիպված չեն լինի հասնել Երևան` քաղաքում շուտով կինոթատրոն է գործելու, որը տեղակայված է քաղաքի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

«Կապանում կինոթատրոն գործել է խորհրդային տարիներին, իսկ նախորդ 25 տարիների ընթացքում բնակիչները կինոթատրոնում ֆիլմեր դիտելու հնարավորություն չեն ունեցել», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ շաբաթ-կիրակի օրերին սոցիալապես անապահով ընտանիքների համար կինոթատրոնը լինելու է անվճար: Մարզպետի խոսքով՝ կինոթատրոնի բացումը միտված է հատկապես երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելուն:

«Ցանկանում ենք մինչև Ամանոր կինոթատրոնը Կապանին նվեր մատուցել», - ասել է Վահե Հակոբյանը:

Մարզպետի խոսքով, կինոթատրոնը հագեցած է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխանող գերմանական արտադրության կինոտեխնիկայով։ «Ձեռք են բերվել պայամանավորվածություններ մի շարք միջազգային կինոմատակարարների հետ, ինչը հնարավորություն կտա Կապանում ցուցադրել արտասահմանյան արտադրության լավագույն ֆիլմերը», - ասել է նա:

Վահե Հակոբյանն ասել է, որ կինոթատրոնն ունենալու է նվազագույնը 10 աշխատող:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կապան-Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթների համար ինքնաթիռ է գնվել: Այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ 2017 թվականի առաջին կիսամյակի վերջերից սկսվել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց արժեքը 2 միլիոն դոլար է: «19 տեղանոց ինքնանթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ», - ասել է մարզպետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---