ՊՆ. Տարկետում կստանա նա, ով կորոշի՝ բակալավրից հետո պատրաստ է 3 տարի ծառայել՝ որպես սպա

ՊՆ. Տարկետում կստանա նա, ով կորոշի՝ բակալավրից հետո պատրաստ է 3 տարի ծառայել՝ որպես սպա

PanARMENIAN.Net - ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե ինչ է առաջարկվում: Տարիների ընթացքում պաշտպանության ոլորտում բազմաթիվ օրենսդրական ակտեր են ընդունվել ու նախարարը նկատել է, որ օրենքները երբեմն նաև իրար հակասում են և կարիք կա ողջ օրենսդրական դաշտն ի մի բերել, գրում է «Առավոտը»:

«Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներում է նախատեսվում հիմնական փոփոխությունները ներառել: Նախագծերով նախատեսվում է բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, զինծառայողների հասարակական ինտեգրումն ապահովել, փոխարինել տարկետումների զգալի մասը արտոնություններով, ամրապնդել հանրության վստահությունը ԶՈՒ նկատմամբ:

Նախարարը ներկայացրել է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը և նախագծով առաջարկվող փոփոխությունները: ՊՆ նախագծով տարկետում պետք է տան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Ընդ որում, դրա համար նա ստանալու է աշխատավարձ և պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաև մագիստրատուրայի համար: Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:

Բացառություն է լինելու միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների, մրցանակակիրների, բացառիկ գիտելիքներով օժտված տեխնիկական գիտությունների ուղղվածության այն ուսանողների համար, որոնք կցանկանան 5-ամյա ծառայության անցնել ռազմարդյունաբերական համալիրում՝ իրենց գիտելիքները ներդնել ռազմական գիտության և ռազմական արդյունաբերության զարգացման գործում. «Մենք շատ կարևորելու ենք, որ բացի ֆիզիկական պատրաստվածությունից, առողջական վիճակից կարևորվի նաև հոգեբանական պատրաստվածությունը՝ հասկանալու համար դիմորդի սոցիալ-հոգեբանական պատկերը: Ծրագրում գտնվելու իրավունքը կարող են կորցնել՝ ցածր միավորներ ունենալու դեպքում և զորակոչվել ժամկետային զինծառայության՝ որպես շարքային զինծառայող», գրում է պարբերականը:

Նախարարն ասել է, որ «Ես եմ» ծրագրի նպատակներից է սոցիալական վերելակի ստեղծումը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, ինչը ենթադրում է հետևյալը. «Այս ծրագրով զինծառայություն անցնող քաղաքացիները յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անցկացնելու են տանը: Մեկ շաբաթ լինելու են տանը, մեկ շաբաթ՝ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության և երկու շաբաթ մարտական հերթապահություն են իրականացնելու: Զինվորը, իր ընկերների, իր ընտանիքի հետ շփվելով՝ ապահովելու է բանակի մեծ թափանցիկությունը, ստեղծվելու է հնարավորություն մատնանշելու և ախտորոշելու խնդիրները հենց ծառայության ընթացքում: Սրանով հնարավորություն են տալիս անցնել պայմանագրային ծառայության և ստանալ փոխհատուցում»:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ այս դեպքում նաև պատվովճարներ են նախատեսվում և զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում այն շարունակվելու է վճարվել իր ընտանիքին:

Ինչ վերաբերում է տարկետմանը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ այն ուսանողները, որոնք հիմա սովորում են ասպիրանտուրայում, մագիստրատուրայում, մինչև 2020-ի դեկտեմբերը կարող են պաշտպանել իրենց ատենախոսությունները և պաշտպանելու դեպքում ստանալ տարկետում:

Վիգեն Սարգսյանը անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի. «Գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են: Հիմա քաղաքացին վիճակահանությամբ չի կարող քաշել որպես ծառայության վայր այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա: Ժամանակին սա 50 կմ էր, հետո դարձվեց 120, 150: Դա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե վիճակահանության արդյունքում որ զորամասն է նախանշվում»:

Բայց սրան զուգահեռ գործելու է արտոնությունների այլ կարգավորում. «Միակ արտոնությունը, որը տալիս ենք այսօր ընտանեկան վիճակից ելնելով՝ կապված է ծառայության վայրի մոտիկության հետ: Օրինակ, Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը գտնվում է 60 կմ հեռու: Կարծում ենք, դա ձևական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որևէ խնդիր չի լուծում, ընդամենը ձևական է, որ մենք արտոնություն ենք տալիս: Հիմա, եթե արտոնությունից օգտվող քաղաքացին ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայի, ստանա պատվովճար, կարող է արտոնությունից չօգտվել, ծառայության ընթացքում մեկ արձակուրդի տեղը տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը հեշտ այցելեր զորամաս, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---