Վարչապետը հանձնարարել է նվազեցնել խցանումները Երևանում

Վարչապետը հանձնարարել է նվազեցնել խցանումները Երևանում

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները։ Այդ մասին ասվել է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում:

«Փաստ է, որ աշխատանքային օրերին Երևանում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ», - ասել է վարչապետը՝ նշելով, թե խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված 1 րոպե ժամանակահատվածի պահպանման մասով, հայտնում է Aysor.am-ը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարել է, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկել երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները։ «Հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ», - հանձնարարել է վարչապետը։

Վահան Մարտիրոսյանին և Վլադիմիր Գասպարյանին վարչապետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Հոկտեմբերի 12-ի կառավարության նիստում հայտարարվեց, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---