Թուրքիա. Կոսովոյի անկախությունը կբարդացնի հակամարտությունների կարգավորման դասական մեթոդները

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակումից հետո Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ակտիվ դիվանագիտական գործունեության, կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Տնտեսական եւ ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի Եվրամիության հարցերի գծով գործադիր տնօրեն Մենսուր Ակգյունը: Նա նշել է, որ Կոսովոյի պետական անկախության մասին հռչակագրի ընդունումից հետո, նման խնդիրներ ունեցող երկրները հայտարարում են, թե այդ փաստը չի անդրադառնա իրենց վրա: «Նման խնդիրներ ունեցող երկրները հայտարարում են, թե այդ փաստը չի անդրադառնա իրենց վրա: Սակայն խոսքն այստեղ համընդհանուր կանոնի խախտման մասին է: Իսկ լավ քայլ է դա թե վատ` այլ հարց է: Այդ կանոնի խախտումը ինքնատիպ մի չափանիշ է դարձել: Եթե Կիպրոսի հարցը չլուծվի ՄԱԿ-ի Կանոնադրության շրջանակներում, ապա այդ դեպքում Կոսովոն չափանիշ կդառնա Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության համար: Նույնը կարելի է ասել նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Այդ գործընթացները կդժվարեցնեն կարգավորման դասական մեթոդները: Եվրամիության երկրները կարող են իրենց հայեցողությամբ որոշումներ կայացնել այդ հարցերի շուրջ: Ակնկալվում է, որ առաջիկայում Կոսովոյի անկախությունը կճանաչեն ԵՄ երկրների մեծամասնությունը: Այսօր տեղի կունենա Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումը, որտեղ կքննարկվի Կոսովոյի անկախությունը: Դրանից հետո Ադրբեջանը պետք է նախապատրաստվի ակտիվ դիվանագիտական գործունեության, կապված Լեռնային Ղարաբաղի հետ»,-ասել է թուրք փորձագետը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---