«Կոսովոյի ճանաչման շքերթը» սկսվել է

PanARMENIAN.Net - ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի ամբողջ օրը փորձել են պայմանավորվել Կոսովոյի անկախության հարցում միավորված Եվրոպայի միասնական դիրքորոշման հարցում: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին երկրամասի խորհրդարանն ընդունեց Սերբիայից անջատվելու մասին ակնկալվող որոշումը: Եվրամիության անդամներին չհաջողվեց հանդես գալ «միասնական ճակատով»: Անկախ ազգային պրակտիկայից եւ իրավաբանական նորմերից, ԵՄ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշելու` ճանաչել թե չճանաչել Կոսովոյի անկախությունը, ասվում է նախարարների համատեղ հայտարարության նախագծում:



Արդյունքում նախարարների հանդիպման ավարտին լրատվական գործակալությունների լրահոսները տառացիորեն հեղեղվեցին Պրիշտինայում կիրակի օրն ընդունված որոշման հետ համերաշխ երկրների ներկայացուցիչների հայտարարություններով: Առաջինն իր աջակցության մասին հայտարարեց Ֆրանսիան իր արտգործնախարար Բերնար Քուշների անունից: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին արդեն ուղերձ է հղել Կոսովոյի ղեկավարությանը անկախությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ: «Սա վերջ կդնի Բալկանների խնդիրներին: Այսօր մեզ հարկավոր է հաշտեցում, թեեւ դա տեւական ժամանակ կպահանջի»,-հայտարարել է նա:



Նմանատիպ հայտարարություններ են արել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունները: Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքերով, Բեռլինը պաշտոնապես կճանաչի Կոսովոյի անկախությունը չորեքշաբթի: Ինչպես հաղորդել է դիվանագետը, ընդամենը Եվրամիության անդամ 27 երկրներից սերբական երկրամասի անկախությունը պատրաստվում են ճանաչել 17-ը:



Եվրոպացիներից «ճանաչման շքերթում» առաջ են անցել նաեւ ԱՄՆ-ի ամենանվիրված դաշնակիցները` Աֆղանստանի կառավարությունը:



Այնուամենայնիվ, ԵՄ շատ անդամներ պատրաստ չեն սատարել մի որոշման, որ Սերբիայի հարցում խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը` տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսպանիայի նման երկրները արդարացիորեն մտավախություն ունեն, որ Բալկանների իրադարձությունները կարող են «արձագանք» գտնել իրենց սեփական տարածքներում անջատողականության բռնկման տեսքով: Հավանաբար, Իսպանիայից բացի, Կոսովոյի անկախությունը չեն ճանաչի Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան եւ Ռումինիան: Իսկ Բուլղարիան, որը սկզբում հարում էր այդ ճամբարին, արդյունքում հայտարարեց թե պաշտոնապես կճանաչի երկրամասը մի քանի շաբաթվա ընթացքում, հաղորդում է Ստրանա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---