15  30.10.17 - Zara Home տան դեկորի խանութի բացումը Երևանում

Առաջինն ու միակը տարածաշրջանում. Երևան Մոլում բացվել է Zara Home տան դեկորի խանութը

Առաջինն ու միակը տարածաշրջանում. Երևան Մոլում բացվել է Zara Home տան դեկորի խանութը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Երևանում բացվեց «Ինդիտեքս Գրուպին» պատկանող Zara Home տան դեկորի՝ տարածաշրջանում առաջին խանութ-սրահը: Այն գտնվում է «Երևան Մոլում»: Ավելի քան 500 քմ մակերես ունեցող խանութում ներկայացվելու են բրենդի բոլոր հավաքածուները՝ ներառյալ մանկական Zara Home Kids-ը:

Հայաստանյան Zara Home-ը, ինչպես և աշխարհի 70-ից ավել երկրում գործող իսպանական բրենդի ավելի քան 500 խանութ-սրահը, տարեկան կներկայացնի անկողնային ու լոգասենյակի պարագաների, սպասքի, խնամքի միջոցների և տան դեկորի համար նախատեսված այլ իրերի 2 հավաքածու։ Երևանյան խանութը նաև թարմացվելու է շաբաթական երկու անգամ՝ նոր ապրանքատեսակի ներկայացմամբ։

Խանութի պաշտոնական բացմանը ներկա էր բրենդի ներկայացուցիչ, «Միսս աշխարհ 2015» մրցույթի հաղթող Միրեյա Լալագունան, որը Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Zara-ի ու «Ինդիտեքս Գրուպի» գործադիր տնօրեն Յասին Սիբարիի հետ միասին կտրեց ժապավենը:

«Կարծում եմ` այսօր նշանակալի օր է հայերի համար, ինչո՞ւ ոչ՝ ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ այս խանութը տարածաշրջանում առաջինն է։ Այս խանութ-սրահը բացում ենք ձեզ համար, քանի որ հաճախ ենք Հայաստանից հարցեր ստացել, թե երբ է բացվելու։ Մեր ընկերությունը որոշեց, որ արդեն ժամանակն է՝ այս գեղեցիկ երկիրն էլ իր Zara Home-ն ունենա»,- նշեց Սիբարին:

Նրա խոսքով՝ խանութում ներկայացված բազմազան տեսականին թանկ չէ, ուստի դրանից կարող են օգտվել հասարակության լայն շերտեր:

PanARMENIAN.Net ը տեղյակ էր, որ խանութ-սրահի բացման օրը նաև Սիբարիի ծննդյան օրն է, և, շնորհավորելով նրան, հարցրեց՝ արդյո՞ք խանութի բացման օրը հատուկ էր ընտրված:

«Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ամեն շաբաթ տարբեր տեղերում ներկա եմ գտնվում մեր ապրանքանիշի խանութների բացումներին, այս անգամ էլ այսպես համընկավ՝ ստացվեց, որ ծնունդիս օրով բացվեց երևանյան խանութը: Բայց օրը հատուկ չէր ընտրված, ինչևէ ինձ հաճելի է, որ ծնունդս կանցկացնեմ Հայաստանում»,- պատմեց գործադիր տնօրենը:

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում մասնակցել Zara Home-ի պաշտոնական բացմանը։ Լինելով իսպանացի՝ տարածում եմ իսպանական մշակույթը, ուրախ եմ, որ այս բրենդի մի մասնիկն եմ»,- իր հերթին ավելացրեց իսպանացի գեղեցկուհին:

«Երևան մոլի» տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով՝ Zara Home-ի բացման գործում մեծ է նաև առևտրի և զվարճանքի կենտրոնի դերը:

«Տարածաշրջանում այս առաջին խանութի բացումը արդյունք է մեր ավելի քան մեկ տարվա քրտնաջան աշխատանքի՝ երկար բանակցություններ, փոխզիջումներ, ներդրումներ: Եվ արդյունքում Zara Home-ն ընտրեց «Երևան մոլը»: Սա մեր հաղթանակն է»,- նշեց նա:

Խոսելով խանութի գնային քաղաքականությունից՝ Սեկոյանը նշեց, որ հայ սպառողի լայն շերտի համար Zara Home-ի գները հարմար կլինեն՝ հաշվի առնելով բրենդի միջինից բարձր որակը:

2003-ի օգոստոսին Zara Home-ը հիմնվեց որպես «Ինդիտեքս Գրուպի»՝ աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրի առաջատարներից մեկի, նոր բիզնես ուղղություն: Տարեվերջին ապրանքանիշն արդեն ուներ 26 խանութ: Այժմ Zara Home-ը ներկա է աշխարհի 74 երկրում, որոնց թվում են Իտալիան, Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան, Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրիան, Շվեյցարիան, Հոլանդիան և այլն: 2017 թվականին Zara Home-ը բացեց իր առաջին խանութները Իսրայելում, Բելառուսում, Չեխիայում, Թունիսում և Հայաստանում:

Բացի Zara Home-ից, «Ինդիտեքս Գրուպն» ունի 7 այլ ապրանքանիշ՝ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho և Uterqüe:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---