Նախարար. Քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակ տրամադրելու հարցը

Նախարար. Քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակ տրամադրելու հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանում քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսա ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018-ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ։

Նրա խոսքով, 2018-ին կառավարությունը նախատեսում է իրականացնել 3 նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես, արդեն ներկայացվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի և աշխատանքի համատեղման հնարավորության օրենսդրական նախաձեռնությունը, գրում է «Նովոստի Արմենիան»։

«Մենք նախատեսում ենք հնարավորություն ընձեռել երիտասարդ մայրիկներին համատեղել աշխատանքն ու մինչև 3 տարեկան երեխայի խնամքը, երբ մայրիկը կարող է գտնել դեկրետային արձակուրդում օրինական հիմունքներով։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք երիտասարդ մայրիկին աշխատանքի ժամանակ տրամադրել դայակ, որի ծառայությունների դիմաց կվճարի պետությունը», – ասել է Ասատրյանը։

Նախարարը միաժամանակ չի նշել դայակի տրամադրման պայմաններն ու նրա ծառայությունների դիմաց վճարի չափը։

Միաժամանակ նա նշել է, որ նախարարությունը նաև նախատեսում է փոխել իր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում` ստեղծելով աշխատանքի էլեկտրոնային բորսա։

«Էլեկտրոնային բորսան թույլ կտա լուծել ոչ միայն գործազուրկների զբաղվածության խնդիրը, որոնք գտնվում են հաշվառման մեջ աշխատանքի բորսայում, այլև այն անձանց, որոնք ցանկանում են հետաքրքիր աշխատանք գտնել ինքնուրույն և առանց լրացուցիչ ծախսերի», – ասել է Ասատրյանը։

Հայաստանում դայակի ինստիտուտ ստեղծելու մասին խոսվել է դեռևս 2016-ի մարտին: Այն ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը հայտարարեց, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի նպատակն է խրախուսել դայակի ինստիտուտը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---