«Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորն ընդունել է` ամսական 7500 եվրո էր ստանում

«Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորն ընդունել է` ամսական 7500 եվրո էր ստանում

PanARMENIAN.Net - Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, որն «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում պարզվեց, որ գումարներ է ստացել Ադրբեջանից, պատասխանել է ամիսներ շարունակ իրեն ուղղված հարցերին ու մեղադրանքներին:

«Ադրբեջանական լվացքատուն»է կոչվող OCCRP-ի զեկույցը:

Շտրենցը 9-էջանոց հայտարարության մեջ անդրադարձել է Ադրբեջանի հետ կապերին՝ նշելով, որ ինքը կոռումպացված չէ ու չի ստել: Սակայն, ինչպես գրում է Ostsee-Zeitung-ը, Շտրենցը հարցերին պատասխանել է մասամբ: Քննադատները նրա հայտարարությունները արժանահավատ չեն համարում, գրում է Panorama.am-ը:

Վերջերս Գերմանիայում կայացած ընտրություններից առաջ հայտնի դարձավ, որ Շտրենցն աշխատել է Ադրբեջանի լոբբիստ Էդուարդ Լինթների համար՝ ստանալով 30.000 եվրո: Նշվում էր, որ պատգամավորն ակնհայտորեն մտերիմ հարաբերություններ է ունեցել բռնապետական պետության հետ, որը սակայն Շտրենցը հերքում է՝ առանց հարցերին պատասխանելու:

Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր , Եվրոպայի խորհուրդ է ուղարկել բացատրություն, որտեղ ասել է, որ «իրեն ուղղված մեղադրանքները հավասարակշռված չեն»: Նա հերքել է ստելու ու կաշառվելու մասին մեղադրանքները, սակայն ընդունել է, որ աշխատել է Լինթների Line M-Trade ընկերության համար, ամսական ստացել 7497 եվրո՝ 3 ամիս, ընդհանուր 22 491 եվրո, սակայն չի իմացել, որ այն Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում: Ըստ պայմանագրի, ընկերությունն իր հաճախորդներին տրամադրել է «իրավական, եվրոպական, միջազգային ու տնտեսական հարցերով խորհրդատվություն»:

ԵԽ-ին ուղարկված բացատրությանը Շտրենցը կցել է նաև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ցանկը, փորձելով ցույց տալ, որ ինքն Ադրբեջանի լոբբիստը չէ ու ակտիվ աշխատել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի ու Վրաստանի հարցերով:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում Շտրենցն այլևս աջակցություն չունի: Բունդեսթագում խորհրդարանական խմբակցությունը ևս փորձում է հեռու մնալ այս սկանդալից, իսկ գլխավոր քարտուղար Վոլֆգանգ Վալդմյուլլերն ասել է՝ no comment:

Ըստ սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ են արվել, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---