22 փետրվարի 2008 - 13:45 AMT
Սերբիայում անկարգություններ են սկսվել
Նախօրեին խոշոր անկարգություններ են եղել Բելգրադում: Սերբիայից Կոսովոյի անկախացումից դժգոհ ծայրահեղական տրամադրություններով սերբ երիտասարդների խմբերը հարձակվել են ԱՄՆ-ի, Խորվաթիայի, Թուրքիայի եւ այլ դեսպանատների վրա, որոնք ճանաչել են երկրամասի անկախությունը: Հարձակվողները հրկիզել են ամերիկյան դիվանագիտական առաքելության շենքը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ մահակներ է օգտագործել: Վերջին տվյալներով, տուժել է շուրջ 80 հոգի: Հարձակումներին նախորդել է Բելգրադում կայացած բողոքի համազգային հանրահավաքը Կոսովոյի անջատման դեմ, որին մասնակցել են շուրջ 200 հազար մարդ:

Անկարգությունները սկսվել են 21:00-ին` բողոքի հանրահավաքի ավարտից անմիջապես հետո: Շուրջ 300 հոգի ներխուժել են Բելգրադում ԱՄՆ դեսպանատուն, ավերծություններ են արել այնտեղ եւ հրկիզել: Տուժել են նաեւ Թուրքիայի, Խորվաթիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները: ԱՄՆ դեսպանատանը բռնկված հրդեհը շուտով մարվել է: Մյուս դեսպանատներին աննշան վնաս է հասցվել: Հաղորդվում է, որ դեսպանատների աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Բելգրադի հիվանդանոցներում գտնվում են շուրջ 100 վիրավորներ, որոնք բերվել են շտապ օգնության բաժանմունք` դրանք հիմնականում ոստիկանության աշխատկիցներ են:

Անկարգություններ են տեղի ունեցել նաեւ Սերբիայի եւ Կոսովոյի սահմանին: Սերբերը բախվել են Կոսովոյի ոստիկանության հետ: Բողոքի ակցիա է անցել նաեւ Մերդարում գտնվող հսկիչ-անցագրային կետի մոտ, որը 50 կմ հեռավորության վրա է Պրիշտինայից: Մի քանի հարյուր սերբ ցուցարարներ այրել են ավոմոբիլային անվադողեր եւ քարեր նետել Կոսովոյի ոստիկանների վրա:

ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ից կպահանջի, որ դատապարտվի հարձակումն ամերիկյան դեսպանատան վրա: Հարձակման ողջ պատասխանատվությունը Վաշինգտոնը բարդել է սերբական կառավարության վրա, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:

Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն վավերացրեց երկրամասի անկախության մասին հռչակագիրը: Բելգրադն այդ ակտը անվավեր համարեց եւ կոչ արեց միջազգային հանրությանը «չեղյալ հայտարարել այն որպես միջազգային իրավունքին հակասող»: Ռուսաստանն ու Չինաստանը սատարել են Բելգրադի դիրքորոշմանը: Կոսովոյի անկախությունը ճանաչել են Ավստրալիան, Աֆղանստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լատվիան, Էստոնիան, Նորվեգիան եւ Իտալիան: