Շաբաթ, կիրակի և տոներին մաքսային մարմիններն ու բանկերը կաշխատեն

Շաբաթ, կիրակի և տոներին մաքսային մարմիններն ու բանկերը կաշխատեն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ից շաբաթ, կիրակի և տոնական օրերին մաքսային մարմիններն ու առևտրային բանկերը կաշխատեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարել է տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանել:

Ըստ նրա՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների աշխատանքը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը, հայտնում է Panorama.am-ը:

«Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկում եմ Կենտրոնական բանկի նախագահին, դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---