Իշխող կոալիցիա. Մենք ափսոսում ենք մեր հայրենակիցների համար, որոնց զգացմունքները շահարկում են խորապես նրանց ատող մարդիկ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որոնք իշխանական կոալիցիա են կազմում հայ ժողովրդին հղված ուղերձով են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց նախնական արդյունքները Կենտրնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հաջորդ օրը, սահմանված ժամկետում: Այդ արդյունքների համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունները արձանագրել են զգալի առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ եւ տեղի ունեցած ընտրությունները գնահատել են որպես համապատասխանող Եվրոպայի խորհրդին եւ ԵԱՀԿ-ին անդամակցելիս մեր երկրի ստանձնած պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին: Երկրի նորընտիր Նախագահին` Սերժ Սարգսյանին, եւ մեր ժողովրդին շնորհավորել են Եվրամիության, ՆԱՏՕ-ի, այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, եվրոպական, ԱՊՀ, աշխարհի բազմաթիվ այլ երկրների նախագահներ: Հետընտրական գործընթացը եւս ընթանում է օրենքով սահմանված կարգով: Իրավապահ մարմիններն արագորեն արձագանքել են արձանագրված թերություններին եւ խախտումներին: Հարուցվել են քրեական գործեր, իրականցվում է մի շարք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Այս թերությունները չեն կարող ստվեր գցել տեղի ունեցած ընտրությունների վրա, քանզի թերություններ արձանագրվում են ցանկացած տեղում անցկացվող յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Մենք վստահ ենք, որ կբացահայտվեն խախտումների հեղինակներն` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, եւ կստանան արժանի գնահատական ու պատիժ: Մեզ համար նույնքան անընդունելի են նաեւ մաղձը, կեղծիքը, վրեժխնդրությունը, կույր ատելությունն ու պառակտումը, որ փորձում են մեր հասարակությանը պարտադրել անգամ իրենց պարտությունն ընդունելու արժանապատվություն չունեցող մարդիկ, ովքեր անպարկեշտորեն հայհոյում են իրենց ահաբեկումներին ու շանտաժին չարձագանքած ու չաջակցածներին` սովորական քաղաքացիներից մինչեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Մեզ համար հավասարապես մերժելի են նաեւ նրանք, ովքեր ենթարկվելով սադրանքին ու շանտաժին, կեղծ հայրենասիրության քողի տակ փորձում են տերեր գտնել: Մենք համոզված ենք, որ մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի ժողովրդավարական գործընթացներին անհարիր այս դրսեւորումներն, իսկ անկարգությունների հրահրումն ու բռնությունները իրավապահ մարմինների կողմից կստանան արագ արձագանք: Մենք ափսոսում ենք մեր մի քանի հազար հայրենակիցների համար, որոնց զգացմունքները շահարկելով մոլորության մեջ են գցել ու գործիքի վերածել իրենց խորապես ատողներն ու արհամարհողները, որոնց համար սրբություն չեն անգամ Հայաստանը, Արցախն ու մեր ժողովուրդը: Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ` սիրելի հարենակիցներ, ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար, շնորհավորում ենք նորանկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ վստահեցնում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրի ու ժողովրդի համար սկսվող նոր փուլը լինի համազգային համախմբման, արդարության, բարեկեցության, փոխադարձ հարգանքի եւ սիրո շրջան»: Ուղերձը ստորագրել են խորհրդարանական երկու խմբավորումների անդամները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---