ԱՄՆ. Խաղաղ հանրահավաքների անցկացումը ժողովրդավարական պետության հատկանիշ է

PanARMENIAN.Net - «Մենք ողջունում ենք եւ Հայաստանի իշխանություններին, եւ ընդդիմությանը` երկու առաջատար թեկնածուների օգտին լայնածավալ քաղաքական հանրահավաքների շրջանակներում բռնության ցանկացած փորձից հաջողությամբ խուսափելու համար»,-ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ խաղաղ հանրահավաքների ազատ անցկացման իրավունքի այս խաղաղ կենսագործումը` մարդկանց մեծաթիվ խմբերի արդյունավետ, ոչ բռնի կառավարման հետ մեկտեղ, նշանակալի նվաճում է եւ ժողովրդավարական առաջընթացի նշան: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին երաշխավորել այս խաղաղ իրավիճակի շարունակումը», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության` երեկ Վիեննայում հրապարակած հայտարարության մեջ:



Փաստաթղթում շեշտվում է. - «Միացյալ Նահանգները դրական է գնահատում Հայաստանի որոշումը` իրական ջանքեր գործադրել նախորդ ընտրություններում արձանագրված բացթողումները, այդ թվում օրենսդրական դաշտի թերությունները շտկելու համար: Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը` համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ այս ընտրություների դիտարկման գործընթացում»:



Միաժամանակ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը փաստում է. - «Մենք պետք է նաեւ ընդունենք, որ այս ընտրությունները շատ հեռու էին կատարյալ լինելուց: Թեեւ ընտրական գործընթացի կառավարումը հիմնականում համապատասխանեց ԵԱՀԿ-ի չափանիշներին, այդուամենայնիվ, ԵԱՀԿ-ի հիմնական պարտավորությունները` ժողովրդավարական ընտրությունների ծրագրման եւ իրականացման առումով, Հայաստանում մնացին չկատարված, ինչպես նշված է ԵԱՀԿ-ի նախնական զեկույցում: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին արձագանքել այս մարտահրավերներինե:



«Ընտրությունների հաջորդ օրը` միջազգային այլ դիտորդների հետ, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ուշադրությամբ քննել են դիտորդների` այդ թվում նաեւ մեր սեփական, ինչպես նաեւ ընդդիմադիրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները: Մտահոգությունները հիմնականում վերաբերում էին հետեւյալ ոլորտներին. քվեարկությունից առաջ իշխանության թեկնածուի նկատմամբ նպաստավոր վերաբերմունքը, այդ թվում` քարոզարշավին պետական ծառայողների ներգրավումը, քվեատուփերի լցոնման դեպքերը, քվեների գնման, բազմակի քվեարկության եւ ընտրողների նկատմամբ սպառնալիքի կիրառումը, որոշ շրջաններում մասնակցության անսովոր բարձր աստիճանը, ինչը որոշ դեպքերում կարող է խախտումների մասին վկայել», - նշված է հայտարարության մեջ:

«Մեզ շատ մտահոգում են հետընտրական փուլում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններն ու իշխանությունների կողմից ընդդիմության գրասենյակները բռնի ուժով փակելու մասին հաղորդումները: Այսօրինակ գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը այս դեպքերի առնչությամբ հիմնվել օրենքի իշխանության ու միջազգային ժողովրդավարական չափանիշների վրաե: Այսպիսի իրական եւ որպես այդպիսին ընկալված խախտումների պատճառով, մենք մնում ենք մտահոգված այն հանգամանքով, որ հայաստանյան ընտրազանգվածի շրջանում սեփական ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ցուցանիշը մնում է վտանգավոր աստիճանի ցածր»:



«Մենք քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին թափանցիկ, արագ հետաքննության ենթարկել բոլոր բողոքները` որպես ընտրական գործընթացի բարեփոխումների եւ հասարակության վստահության վերականգնման գործընթացի մաս: Միացյալ Նահանգները պատրաստակամ է այստեղ եւ Երեւանում աշխատել բոլոր կողմերի հետ` այս խնդիրների լուծման ուղղությամբ» - ասված է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության հայտարարությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---