Ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներկրումն ու հաշվառումը կարգելվի. Գործադիրը հաստատել է

Ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներկրումն ու հաշվառումը կարգելվի. Գործադիրը հաստատել է

PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը: Կառավարության հունվարի 11-ի նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նախագիծը, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

«Դրանով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհային երթեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարի խոսքով՝ հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար:

Նա հավելել է, որ 2018 թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը: Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:

Նախարարը հաստատել է, որ տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում:

Փոխվարչապետը հետաքրքրվել է՝ կա՞ վիճակագրություն ու խնդիրներ իրականում առաջացե՞լ են, թե խնդիրները տեսական են: «Գիտեք, նախ մտահոգությունները կան օրենքից ելնելով, բացի դրանից, ըստ ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տվյալների՝ վթարների քանակը տոկոսային հարաբերակցությամբ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ մոտ 28 տոկոսով ավելի է», -ասել է նախարարը:

Կառավարությունը հաստատել է նախագիծը, բայց Վաչե Գաբրիելյանը հանձնարարել է օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վերաբերյալ: «Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարությանը եկող շաբաթ, որպեսզի անհետաձգելի կարգով ուղարկենք Ազգային ժողով», - ասել է Վաչե Գաբրիելյանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության՝ Հայաստան արդեն ներմուծված աջ ղեկով տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:

Ավելի վաղ աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը սահմանափակող օրենսդրական նախագծի դեմ բողոքող «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների՝ Տրանսպորտի նախարարությանը ներկայացված առաջարկները քննարկվել էին նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---