Ասոյան. Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է

Ասոյան. Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է

PanARMENIAN.Net - Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի աճ կա, սակայն իրավիճակը վերահսկելի է և հարկ չկա խոսելու համաճարակի կամ նույնիսկ բռնկման մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:

Ըստ վարակաբանի, այնպիսի վտանգավոր վիճակ չէ, որ դպրոցներում դասերի հետաձգման պահանջ լինի. «Դպրոցներում չունենք բացակայությունների այն քանակը, որ նախարարությունը գնա այդ քայլին»:

Արա Ասոյանը նշել է, որ ինչպես նախորդ տարիների նույն ժամանակահատվածում, այս տարի ևս գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացությունն աճել է: «Սրանք սեզոնային հիվանդություններ են, որոնց այս օրերի տարածմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ տոնական օրերին մարդկանց հետ շփումն ավելանում է։ Բնականաբար, տարվա ցուրտ ամիսները նույնպես կապ ունեն, վիրուսն իրեն շատ ավելի լավ է զգում հենց այս ժամանակ»,- նշել է Արա Ասոյանը՝ հավելելով, որ թեև սաստիկ ցրտեր չեն, բայց, այդուհանդերձ, ջերմաստիճանը ցածր է:

Ինչ վերաբերում է մարդկանց մոտ ձևավորված այն կարծիքին, թե «ձյան գալով վիրուսը կմաքրվի, հիվանդացության դեպքերը կնվազեն», վարակաբանի խոսքերով՝ գիտական որևէ հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց կա վիճակագրություն. «Այն օրերին, երբ ձյուն է գալիս, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այդ օրերին հիվանդությունները նվազում են»:

Արա Ասոյանը հայտնել է, որ Հայաստանի հիվանդանոցներում գրիպով և ՍՇՎ-ով մոտ 670 հիվանդ կա, նրանցից մոտ 96 տոկոսը 0-4 տարեկան երեխաներն են: Նրա խոսքով՝ մեծահասակները նույնպես բավականին հաճախ են գրիպով և շնչառական այլ ինֆեկցիաներով հիվանդանում, բայց, որպես կանոն, տանն են բուժվում և բժշկի չեն դիմում: Իսկ եթե երեխան է հիվանդանում, նրան անմիջապես բժշկի մոտ են տանում կամ անմիջապես հիվանդանոց:

Նրա խոսքով՝ վերջին երեք օրերին Երևանում դիմելիությունը պակասել է, իսկ մարզերում հակառակը՝ մի քիչ ավելացել։

Արա Ասոյանը միաժամանակ նշել է, որ Հայաստանում տարածված են А և В տեսակի գրիպի վիրուսները:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք նքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվե´ք եղանակին համապատասխան, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---