Եվրոպայում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ. ԱՆ-ն հորդորում է արտերկիր մեկնելուց առաջ պատվաստվել

Եվրոպայում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ. ԱՆ-ն հորդորում է  արտերկիր մեկնելուց առաջ պատվաստվել

PanARMENIAN.Net - Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվության մեջ։ Համաձայն promedmail.org կայքի` 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։

ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։

2017-ի 11 ամսվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է հիվանդության 3382 դեպք, որը 43 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հատկապես անբարենպաստ է իրավիճակը Իվանովո-Ֆրանկովսկում (1049 դեպք), Օդեսայում (931 դեպք) և Զակարպատիեի շրջանում։ Օդեսայում գրանցվել է կարմրուկի մահվան 5 դեպք, որից 3-ը՝ երեխա։ Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ բռնկման պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։ 2016-ի տվյալներով՝ կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 50 տոկոսից ցածր է։

Դեռևս 2015-ի արդյունքներով` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ուկրաինան ներառել է աշխարհի այն 10 երկրների ցանկում, որտեղ մանկական վարակների՝ կարմրուկի, դիֆթերիայի, կապույտ հազի պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է։ Կոլեկտիվ իմունիտետի ապահովման համար անհրաժեշտ է առնվազն 90 տոկոս պատվաստված բնակչություն, սակայն Ուկրաինայում կարմրուկի դեմ 1 դեղաչափ ստացել է բնակչության 45, երկու դեղաչափ՝ ընդամենը 30 տոկոսը։

2017-ի դեկտեմբերից 2018 թվականի հունվար ժամանակահատվածում գրանցվել է կարմրուկի 16 դեպք Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետությունում։ Գրանցված առաջին դեպքերը համաճարակաբանորեն կապված են Կրասնոդարի երկրամասի հետ։ Հիվանդներից 3-ը չպատվաստված երեխաներ են։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ կարմրուկի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի առկայության պարագայում կարմրուկն ամբողջ աշխարհում վաղ հասակի երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկն է։

ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կարմրուկով հիվանդանում է 24-30 միլիոն մարդ, որոնցից 800.000-ը մահանում են հիվանդության բարդություններից։ Դա նշանակում է՝ կարմրուկից ամեն օր մահանում է 314, ամեն ժամ՝ 13 մարդ։

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և նրա հետևանքով առաջացած բարդությունները:

Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված կնոջ մոտ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանում կա իմունիզացիայի բավականաչափ բարձր ծածկույթ. «Վակցինացիաների միջոցով երեխաների շրջանում միջինում 93-94 տոկոսով ծածկույթ է ապահովվում։ Մեզ մոտ վերջին տարիներին անցկացված լայն իմունիզացիաները բերեցին նրան, որ մենք արդեն առնվազն 5 տարի է կարմրուկի տեղական դեպքեր չենք արձանագրում: Այն դեպքերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, դրանք հիմնական մեր հարևան երկրներից ներկրված հիվանդություններ են»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---