ԱՄՆ-ն և Կանադան կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Մուխթարլիին

ԱՄՆ-ն և Կանադան կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Մուխթարլիին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ և Կանադայի ներկայացուցիչները հունվարի 18-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին են ներկայացրել ԱՄՆ և Կանադայի համատեղ հայտարարությունն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատազրկման վերաբերյալ:

Բաքվի դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարվա ազատազրկման է դատապարտել:

«Կարծիք հայտնելու ազատությունը հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ-ում մեր ընդհանուր պարտավորությունների լույսի ներքո Կանադան և ԱՄՆ-ն իրենց խորը մտահոգությունն են հայտնում հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի 6 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Նրան առաջադրված մաքսանենգության և այլ մեղադրանքներն ընկալվում են որպես քաղաքականապես մոտիվացված»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Contact.az-ը

Կանադան և ԱՄՆ-ն կոչ են անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել Մուխթարլիին, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք կալանքի տակ են իրենց հիմնական ազատություններն իրացնելու համար:

«Մենք ուշադիր հետևում ենք Մուխթարլիի առևանգման մասին Վրաստանում ընթացող հետաքննությանը և տեղեկատվություն ենք ստանալու այդ հարցի զարգացումների վերաբերյալ», ասվում է հայտարարության մեջ:

Մուխթարլին հայտնի է ադրբեջանական բանակում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնայների, այդ թվում Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիայի մասին նյութերով: Վախենալով հետապնդումներից՝ նա 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստան՝ մտադիր լինելով քաղաքական ասպատան ստանալ այդ երկրում: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն):

Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար:

Ընթերցեք նաև. ԵՄ-ն պահանջում է հետաքննել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիի առևանգումն ու ազատազրկումը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---