Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը բացվել է

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը բացվել է

PanARMENIAN.Net - «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում բացվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Կենտրոնը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո չափազանց կարճ ժամկետում՝ ընդամենը մի քանի ամսում, կատարված մեծ ծավալի աշխատանքներին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Նախագահը զրուցել է նաև կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր, այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---