ՀՀ նախագահ. ԶՈւ արդիականացման ծրագիրը թիրախավորված է և չափելի

ՀՀ նախագահ. ԶՈւ արդիականացման ծրագիրը  թիրախավորված  է և չափելի

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը թիրախավորված է և չափելի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որի օրակարգի շրջանակներում քննարկվել է ծրագրի նախագիծը:

Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մինչ այդ, Հանրապետության նախագահն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել պաշտպանության նախարարության կողմից մշակված՝ ՀՀ ԶՈւ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ, որի մշակման մասին հանձնարարականը նախագահը տվել էր 2017-ի հոկտեմբերի 24-ին: 2018-ի տարեսկզբին հանրապետության նախագահի ներկայությամբ ծրագրի նախագիծը մանրամասն քննարկվել է նաև պաշտպանության նախարարությունում:

«ԶՈւ երկարաժամկետ զարգացման ծրագիր կազմելու հանձնարարականը պայմանավորված էր հետևյալ հանգամանքով՝ տարածաշրջանում նոր մարտահրավերներ են ձևավորվում, և այդ մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալն է: Միշտ էլ եղել են ծրագրեր, բայց նախորդ և այս ծրագրի տարբերությունն այն է, որ նախորդ ծրագրերը շատ դեպքերում կարճաժամկետ էին, իսկ այն ծրագրերը, որոնք կոչվում էին երկարաժամկետ, ավելի շատ նման էին ցանկությունների, տեսլականի, գաղափարների: Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ»,-ասել է նա:

Նախագահը հավելել է, որ պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, իհարկե, զեկուցել են ծրագրի մասին, այնուհետև ծրագիրը քննարկվել է պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ:

«Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, և որ ամենակարևորն է՝ կան նաև ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետև արդեն ընթացք կտանք»,-ասել է Սարգսյանը:

Անվտանգության խորհուրդը քննարկման արդյունքում հավանություն է տվել ներկայացված մոտեցումներին և հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրանց ու ներկայացնել նախագահի հաստատմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---