Տրանսպորտն ու շենքերը կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցողներին

Տրանսպորտն ու շենքերը կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցողներին

PanARMENIAN.Net - Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման կանոններ են մշակվել: Համապատասպան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով հենաշարժային ապարատի խանգարում, տեսողության և լսողության խնդիր ունեցող անձանց համար բոլոր կանգառները պետք է սարքավորվեն տրանսպորտային միջոց մուտք գործելու համար համապատասխան հարմարանքներով և անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Հանրային տրանսպորտի բոլոր միջոցների, տաքսիների կանգառները պետք է ապահովեն թիկնաթոռ-սայլակներից օգտվող ուղևորների մուտքի և ելքի հնարավորությունը: Կանգառները պետք է սարքավորվեն տրանսպորտային երթուղիների և հնարավոր արգելքների մասին լավ ընթերցվող, այդ թվում տեսողության արատ ունեցող անձանց համար Բրայլի այբուբենով տեղեկատվությամբ:

Նախատեսվում է նաև բաց անհատական ավտոկայանատեղ և ցուցանակ հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտի համար:

Առևտրա-հասարակական կենտրոններում, առևտրական (հետիոտն) փողոցներում, հասարակական տրանսպորտի կանգառների մոտ, հոտիոտն ուղիներում և զբոսայգիների զբոսանքի երթուղիներում, ինչպես նաև բնակելի զանգվածների հանգստի գոտիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է նախատեսել հանգստի համար համապատասխան հարթակներ:

Սանդուղքների մոտ պետք է լինեն թեքահարթակներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուղղաձիգ հաղորդակցությունն ապահովող տեխնիկական միջոցներով:

Նախատեսվում է, որ բնակելի շենքերը և հասարակական շենքերի բնակելի սենքերը նույնպես պետք է նախագծվեն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման կանոնները հաշվի առնելով: Կապահովվի բնակարանի կամ բնակելի սենքի մատչելիությունը շենքի մուտքից, կկիրառվեն հաշմանդամություն ունեցող անձի պահանջներին բավարարող սարքավորանքներ:

Սահմանվում են նաև թիկնաթոռ-սայլակների պահպանման և այլ օժանդակ սենքերի, սանիտարական հանգույցների, խոհանոցների, պատշգամբների և խորշապատշգամբների, ննջասենյակների, անհատական աշխատանքային գործունեության համար աշխատատեղի, ինչպես նաև ժամանակավոր բնակության համար հյուրանոցային համարների հարաչափերը և հատակագծային լուծումները:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---