«Ստեփան Գիշյան» հիմնադրամ․ Մարդիկ տարբեր են, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել (վիդեո)

«Ստեփան Գիշյան» հիմնադրամ․ Մարդիկ տարբեր են, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել

PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել։

«Միայն 2017-ի ընթացքում 2-ից 18 տարեկան մոտ 120 երեխա, որոնց մեծ մասի մոտ հենաշարժողական խնդիրներ կան, վերականգնողական աջակցություն են ստացել կազմակերպության «Անկախ կյանք» կենտրոնում։ Շահառուները ոչ միայն Երևան քաղաքից են, այլև հարակից մարզերից, և հասկանալի է, որ նրանք մինչև կենտրոն հասնելը խոչընդոտների են հանդիպում։ Չէինք կարող անմասն մնալ և չաջակցել այս կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացրած մեծածավալ և չափազանց կարևոր աշխատանքին։ Միկրոավտոբուսը ծառայելու է նրան, որ երեխաներն անվճար տեղափոխվելու են տնից վերականգնողական կենտրոն և հակառակը. հուսով ենք, որ մեր փոքրիկ ներդրմամբ տեղափոխման խնդիրը լուծում կստանա», - իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Անկախություն ստանալու համար երեխաների մոտ պետք է զարգացնել կարողությունները: Մեր կենտրոնում երեխաները ստանում են մակրո- և միկրոմիջավայրում անկախության հմտություններ, ինչը ներառում է նաև ինտեգրում հասարակությունում: Շատ կարևոր է, որ հասարակությունը կարևորի բազմազանությունը․ մարդիկ շատ տարբեր են մաշկի, աչքերի գույնով, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել: Մինչ այս խնդիրներ էինք ունենում միջոցառումների անցկացման վայրեր, ամառային ճամբարներ և այլ տեղեր երեխաների խմբակային տեղափոխման ժամանակ։ Այսուհետ այդ խնդիրը չենք ունենա»,- իր խոսքում նշել է «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի անվճար հիմունքներով խորհրդատվության և ուղղորդման տեսքով աջակցություն է ցուցաբերում տարբեր տարիքային խմբերի սահմանափակ առողջական հնարավորություն ունեցող 1000-ից ավելի քաղաքացու։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---