Ադրբեջանցի ընդդիմադիրներ. Արտահերթ ընտրությունները դրանց կեղծումը հեշտացնելու միջոց են

Ադրբեջանցի ընդդիմադիրներ. Արտահերթ ընտրությունները դրանց կեղծումը հեշտացնելու միջոց են

PanARMENIAN.Net - Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը իշխանությունը պահպանելու փորձ է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ըստ կարգադրության, արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018-ի ապրիլի 11-ին:

Ըստ Հասանլիի, արտահերթ ընտրությունների անցկացման ոչ մի անհրաժեշտություն չկա: Նա նշել է, որ ընդամենը 3 շաբաթ առաջ հայտարարվեց, որ նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը նշանակում է, որ իշխանություններն ինչ-որ գաղտնի մտադրություններ ունեն, գրում է contact.az-ը:

«Ամեն դեպքում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը երկրում նպաստում է իշխանությունների հեղինակազրկմանը, և այդ ֆոնին ձգտում կա վերահսկելի ԿԸՀ միջոցով ձևական ընտրություններ անցկացնել և պահպանել իշխանությունը ընտանիքի ձեռքում ևս 7 տարի»,-ասել է Հասանլին՝ խոսելով Ալիևի որոշման մասին:

Իր հերթին «Մուսավաթի» նախկին առաջնորդ և այդ կուսակցությունից նախագահի թեկնածու Իսա Ղամբարն ասել է, որ իշխող ռեժիմը հասկանում է, որ եթե հոկտեմբերին կայանան ընտրությունները, ժողովրդի դժգոհությունն ավելի մեծ կլինի: «Իշխանությունները շտապում են կեղծել ընտրությունները և պահպանել իրենց իշխանությունը»:

Ըստ 2016-ի սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով: Ավելի վաղ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունից ընտրություններին կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---