Փաստաբանները բողոքի ակցիա կանցկացնեն

Փաստաբանները բողոքի ակցիա կանցկացնեն

PanARMENIAN.Net - Փաստաբանները բողոքի ակցիա կանցկացնեն: Նրանք բողոքում են «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու դեմ:

Նրանք պահանջում են ՀՀ Ազգային ժողովից՝ նախագծի և նախագծին կցված մյուս օրենքների նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:

Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբաններս, դատապարտում ենք ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ)՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու վարքագիծը, որը հարիր չէ իրավական պետության հիմնարար սկզբունքներին»:

Նշվում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ.

նախագծում բացակայում է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը, կառավարությունը ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը:

«Նման հրատապ եղանակով այս հարցի քննարկումը կազմակերպելը, երբ նույն նախագծերով 2019 թվականի հունվարի 1-ից պետք է դատական տուգանքի նորմերն ուժի մեջ մտնեն, վկայում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբանության նկատմամբ ակնհայտ արհամարհական և կանխակալ վերաբերմունքի մասին:

Առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների, փաստաբանների անկախությունը վտանգող նման դրույթների սահմանման փորձը կանխելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբաններս մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու 2018 թվականի փետրվարի 7-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»,-ասվում է հայտարարության մեջ:

Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ամբողջ օրվա ընթացքում:

2018 թվականի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ փաստաբանների պալատի շենքում տեղի է ունենալու փաստաբանների հավաքը՝ Նախագծի վերաբերյալ գնահատականներ տալու և հետագա գործողությունների ծրագիրը հաստատելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---