2017-ին ԶՈւ-ում հանցագործությունները նվազել են 11,1%-ով

2017-ին ԶՈւ-ում հանցագործությունները նվազել են 11,1%-ով

PanARMENIAN.Net - 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 1207 հանցագործության դեպք, որը փաստացի 11.1%-ով քիչ է 2016թ. դեպքերից: Այդ մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ ամփոփելով 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում իրավախախտումների, հանցագործությունների ընդհանուր վիճակը:

Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:

Մասնավորապես նշվել է, որ 2017-ի հանցագործություններից 768-ը կամ 63,6%-ը եղել են զինվորական ծառայության դեմ ուղղված, 439-ը կամ 36,4%-ը` այլ բնույթի հանցագործություններ:

Արձանագրված 1207 հանցագործության դեպքերից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները եղել են 191-ը կամ 15.8%-ը, որոնցից 111-ը` ծանր, 80-ը` առանձնապես ծանր: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 6 դեպքով կամ 5.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 286-ով կամ 78.1%-ով, հայտնում էՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Այս տվյալները, սակայն, համադրելի չեն 2016թ. հետ, քանի որ նախորդ տարվա նմանատիպ դեպքերը մեծամասամբ պայմանավորված են եղել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված հանցագործություններով:

2017թ. արձանագրված 80 առանձնապես ծանր հանցագործության դեպքերից 21-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 3-ը` զինծառայողների կողմից կատարված սպանություն, 53-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը՝ զենք-զինամթերքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Ըստ Վահե Հարությունյանի՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ շարունակում են առավել տարածված մնալ զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները:

Զինված ուժերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 97.8 % է՝ 2016թ.-ի 98.2%-ի դիմաց: Շուրջ 38,1%-ով պակասել են կրկնահանցագործությունների դեպքերը: Զգալիորեն ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման դեպքերը: 2017թ. արձանագրվել է նմանատիպ 116 դեպք, 59-ով կամ գրեթե 100%-ով ավելի 2016թ. արդյունքներից: 36 քրեական գործ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ամրապնդվող հանրային անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած ԶՈՒ-երում ծանր և առանձնապես ծանր հանցագործության, դեպքերի նվազմանը, որևէ ցուցանիշ չի կարող գոհացուցիչ համարվել, եթե բանակում շարունակվում են մարդկային կորուստներ, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր, ինքնասպանություններ արձանագրվել: Դրանք նվազագույնի հասցնելը,ինչպես նաև այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը իրավապահ մարմինների աներկբա առաջնահերթությունն է: Այս ուղղությամբ առաջնային խնդիր է նաև կանխարգելմանն ուղղված համալիր գործողությունների իրականացումը՝ օպերտաիվ աշխատանքի ակտիվացումը, զորամասերի հրամանատարներին, որպես հետաքննության մարմիններ, այդ գործընթացներում լիարժեք ներգրավվումը:

ՀՀ գլխավոր դատախազը մտահոգիչ է համարել դատարաններում տևական ժամանակ գործերի քննությունը, որն անթույլատրելի է նախ որովհետև պատժի նպատակների իրագործումը դարձնում է վիճարկելի, բացի դրանից, կարող է հանրության մեջ ձևավորել հանիրավի անվստահություն մեղավորների՝ պատժի անխուսափելիության վերաբերյալ: Արթուր Դավթյանը հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ դատաքննությունների հնարավորինս արագ ընթացնք ապահովելու ուղղությամբ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է քննարկված խնդիրների լուծմանն ուղղված այլ հանձնարարականներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---