Ոստիկաններին կթույլատրեն տեսաձայանգրել. Աղմկահարույց օրենքն ընդունվել է

Ոստիկաններին կթույլատրեն տեսաձայանգրել. Աղմկահարույց օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը և երթևեկության անվտանգությունը պահպանելիս ոստիկանության ծառայողներին թույլատրել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքեր օգտագործել:

Նախագիծն ընդունվել է 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ: Դեմ են քվեարկել ԵԼՔ խմբակցությունը և «Ծառուկյան» դաշինքի մի շարք պարտգամավորներ:

Օրենքը բուռն հանրային քննարկման առարկա էր դարձել, թեժ բանավեճ էր ծավալվել նաև ԱԺ-ում: Ներկայացնում ենք նախագծին դեմ արտահայտված պատգամավորների տեսակետերը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ օրենքը նախատեսում է տեսախցիկներ տեղադրել ոչ միայն հանրային, այլև մասնավոր վայրերում, և խոսքը ինչպես հրապարակային, այնպես էլ գաղտնի նկարահանման մասին է:

«Դիմացն ապրիլ է, և իշխանությանը պետք են երաշխիքներ՝ ոչ միայն իմանալու, թե այս հատվածի (ընդդիմադիր-խմբ.) պատգամավորներն ինչ են անում, այլ նաև այն հատվածի (մեծամասնության-խմբ.) պատգամավորները ինչ են անում։ Չմտածեք, թե միայն մեր տների, օֆիսների և մեքենաների մեջ են տեսախցիկ տեղադրելու, ձեր վրա էլ են կախելու։ Այնպես որ, մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ՝ ժպտացեք և անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,- ասել է Փաշինյանը։

Իսկ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքել էր, թե միշտ է պետք ժպտալ, քանի որ «ժպիտը գեղեցկացնում է մարդուն»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշել է, որ մտահոգություն ունի, թե մուտք են գործում անհատի անձնական կյանք: Նրա հարցին, թե ինչպես է նախատեսվում պաշտպանել մարդու մասնավոր կյանքի իրավունքը, նախագծի հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել է, որ այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածում, ըստ որի՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել:

«Այսինքն` սա սահմանադրական նորմ է, կարող ենք սահմանափակել, այն նպատակով, որը նշված է նախագծի մեջ: Բնականաբար, դրանք (սարքերը-խմբ.) ծառայելու են բոլոր նպատակների ՝ հանցավորությունների կանխարգելման, բացահայտման և հասարակական կարգ ապահովելու համար»,-ասել է նա և շեշտել, որ միայն սահմանված տեխնիկական միջոցներով է նկարահանումն իրականացվելու, ոչ թե անձնական iPhone-ներով:

Նախագծով տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից 7 օր անց: Դրանց ոչնչացումը կարող է տարաժամկետվել միայն ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մի շարք դեպքերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---