Ֆրանսիական TV5-ն այսուհետ հասանելի է «Ռոստելեկոմի» բաժանորդներին

Ֆրանսիական TV5-ն այսուհետ հասանելի է «Ռոստելեկոմի» բաժանորդներին

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը հյուրընկալվել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։ Այս մասին հայտնում է ընկերության հանրային կապերի բաժինը:

Այցի ընթացքում «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի հետ քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի և ֆրանսալեզու տեղեկատվական աղբյուրների տարածման կարևորությունն ու այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես, քննարկվել են «Ռոստելեկոմի» հայաստանյան հեռուստատեսային ծառայություններում ֆրանսալեզու հեռուստաալիքների հեռարձակման կարևորությունն ու հանրության համար ֆրանսալեզու ֆիլմերի հասանելիության ապահովումը։

«TV5 հեռուստաալիքը անհատներին կամ հյուրանոցներին առաջարկվող իր հիմնական փաթեթներում ներառելու մասին «Ռոստելեկոմի» որոշումից հետո ցանկացա այցելել ընկերության գրասենյակ: Այն համապատասխանում է 2012 թվականին Հայաստանի կողմից ստորագրված Լեզվաբանական պակտով նախատեսված TV5 -ի հեռարձակումը համընդհանուր դարձնելու գաղափարին: TV5-ը հեռարձակում է հաղորդումներ և նորություններ ողջ ֆրանկոֆոն աշխարհից և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա անդամ երկրների հեռուստաօպերատորը: Այս առումով TV5-ը նաև հայկական ալիք է և լայնորեն կլուսաբանի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը» ,- նշել է դեսպան Լաքոտը։

Հայկ Ֆարամազյանի խոսքով, որպես հայկական ընկերություն «Ռոստելեկոմ» Հայաստանը շատ է կարևորում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում:

«Մեր աջակցությունն ենք հայտնում ներառելով ֆրանսալեզու հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական հեռուստաալիքը՝ TV5Monde մեր ցանկում։ Այն փետրվար ամսից հասանելի է «Ռոստելեկոմ ի»- բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին։ Օտարալեզու հեռուստաալիքների հեռարձակումը մեր ծառայությունների շրջանակում մեծապես նպաստում է հանրության իրազեկվածության ու կրթվածության բարձրացմանը։ Հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ 2013-ից առ այսօր ցանկում ընդգրկել ենք France 24, իսկ 2017-ի կեսերից՝ նաև TV5Monde ֆրանսալեզու հեռուստաալիքները», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ սմարթ հեռուստատեսության միջոցով բաժանորդները բացի հայերենից հնարավորություն ունեն դիտելու հեռուստաալիքներ ևս ութ լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն, իտալերեն, թուրքերեն։

«Այս ամենն իրականացվել է հաշվի առնելով մեր բաժանորդների պահանջներն ու առաջարկությունները, և մենք շարունակելու ենք պարբերաբար թարմացնել ու լրացնել այս ցանկը»,- նշել է Հայկ Ֆարամազյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---