Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել

Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել

PanARMENIAN.Net - Անհայտ անձինք Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ են հատել: Հատված ծառերը հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերել է անտառապահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են 2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2.914.250 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս) հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---