ՏՄՊՊՀ. Ցորենի և ալյուրի շուկայում ուժեղ մրցակցության հետևանքով գները նվազել են

ՏՄՊՊՀ. Ցորենի և ալյուրի շուկայում ուժեղ մրցակցության հետևանքով գները նվազել են

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), Հանրապետության նախագահի հանձնարարականի հիման վրա կատարել և ավարտել է ուսումնասիրությունը՝ ցորենի և ալյուրի շուկաներում:

Ուսումնասիրությունը այս շուկայի համար աննախադեպ լայնածավալ էր և ընդգրկել է արտադրության, ներկրման և իրացման ողջ շղթան:

Արձանագրված արդյունքները փաստում են, որ ցորենի և ալյուրի շուկաներում վերջին տարիներին արձանագրվել են կարևոր փոփոխություններ, ավելացել է նոր տնտեսվարողների թիվը,ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Մի էական հանգամանք ևս,տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժինները և ուժեղացել է մրցակցությունը: Նվազել են նաև գները:

2017-ին ՀՀ-ում ցորենի ներմուծման,տեղական արտադրության և իրացման ծավալները կազմել են 468.000 տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները:

Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017-ին ներմուծման և տեղական արտադրության ծավալները կազմել եմ 198.000 տոննա: Այս շուկայում, ի թիվս «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ՍՊԸ-երի, առկա են ևս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում:

Ավելի քան 5 անգամ ավելացել են ցորենի և ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները:

Եթե 2012-ին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017-ին ներմուծողների թիվը հասել է 85-ի: Ընդ որում, տնտեսվարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ռուսական ռուբլու արժեզրկմամբ:

Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012-ին գործել է 23 տնտեսվարող, իսկ 2017-ին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում ևս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015-ից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին:

Ցորենի և ալյուրի շուկաների փոփոխությունները դրական են անդրադարձել գնագոյացման վրա՝ որոշակիորեն հանգեցնելով գնի նվազման:

Արդյունքում 2012 թվականից ի վեր ՀՀ-ում նկատվում է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Մասնավորապես եթե 2012-ի վերջին և 2013-ի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017-ի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012-ի նույն ցուցանիշի համեմատ էժան է 24 տոկոսով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---