Կառուցապատման ընթացակարգերը պարզեցվել են

Կառուցապատման ընթացակարգերը պարզեցվել են

PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավման և կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված հերթական քայլերի համատեքստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերի պարզեցման մասով:

Արդյունքում՝ կառուցված շենք-շինության համար լրացուցիչ ինժեներական գիծ անցկացնելիս չի պահանջվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացում, շինարարությունն իրականացվում է հետագիծ-նախագծի համաձայնեցման հիման վրա՝ 3-օրյա ժամկետում տրվող շինարարության թույլտվությամբ, բացի այդ՝ ավարտական ակտ ևս չի պահանջվում, քանի որ աշխատանքը կատարում և ավարտը փաստագրում է գիծը շահագործող մատակարար կազմակերպությունը, հայտնում է Քաղշին կոմիտեի մամուլի ծառայությունը:

Իսկ համայնքային տարածքներին հասցվող վնասների (ասֆալտի ծածկույթ, կանաչ տարածք և այլն) հատուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով:

Հաստատվել է նաև շինօբյեկտների նախագծային փաստաթղթերի կազմը և կանոնները: 2017-ին հաստատվել են «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները»: Փաստաթղթով նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները դասակարգվել են ըստ շինարարական օբյեկտների ռիսկայնության աստիճանի: Ներառվել են նաև էներգախնայողությանը ներկայացվող պահանջներ:

Գործում է կառուցապատման թույլտվությունների www.e-permits.am էլեկտրոնային համակարգը, որը նախատեսված է որպես լրացուցիչ հնարավորություն գործընթացի իրականացման համար: Կայքում ներկայացված է տեղեկատվություն քաղաքաշինության ոլորտում թույլտվություններին վերաբերող իրավական դաշտի, ինչպես նաև ուղեցույց՝ շինարարության ոլորտում առցանց թույլտվությունների տրամադրման կայքից օգտվելու մասին:

Կայքում նաև տեղադրված է կառուցապատողի եռալեզու ուղեցույցը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---