Սկրիպալին թունավորած «Նովիչոկ» թույնի համահեղինակ Միրզայանովն իրեն մեղավոր է զգում

Սկրիպալին թունավորած «Նովիչոկ» թույնի համահեղինակ Միրզայանովն իրեն մեղավոր է զգում

PanARMENIAN.Net - Հայազգի քիմիկոս Վիլ Միրզայանովը, որը 1970-1980թթ. մի խումբ գիտնականների կազմում աշխատել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ թունավոր նյութի ստեղծման վրա, Daily Beast պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար ներողություն խնդրել նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալից և նրա աղջկանից:

Մարտի 4-ին Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորված հայտնաբերվել են անգլիական Սոլսբերիում: Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, օգտագործվել է հենց «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը: ՌԴ Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից, նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում 2010-ին ԱՄՆ և ՌԴ միջև հետախույզների փոխանակումից հետո:

«Ես կասեի Սկրիպալին, որ շատ եմ ափսոսում, որ մասնակցել եմ այդ զենքի մշակմանը»,-ասել է այժմ ԱՄՆ-ում բնակվող Միրզայանովը: Ըստ նրա, այն ժամանակ այդ նյութի մշակման վրա աշխատողներից ոչ ոք չէր կարող մտածել, որ իրենց մշակումը կարող է օգտագործվել ահաբեկչական հարձակման համար, գրում է ՌԲԿ-ն:

«Չեմ կարող նման բան պատկերացնել: Ոչ ոք չէր կարող: Դա վրդովեցնող է: Մենք վստահ էինք, որ մշակում ենք երկրի պաշտպանության համար անհրաժեշտ զենք: Գիտնականներից ոչ ոք չէր կարծում, որ այն կարող է օգտագործվել ահաբեկչական նպատակներով»,-ասել է Միրզայանովը՝ հավելելով, որ «Նովիչոկը» նախատեսված էր զինվորականների համար և պետք է զանգվածային ոչնչացման զենք դառնար:

Մարտի 13-ին Միրզայանովը The Daily Telegraph-ին հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը կարող է մեղսակից լինել միայն Ռուսաստանը, քանի որ «Նովիչոկի» բանաձևը մինչ օրս գաղտազերծված չէ: «Միայն Ռուսաստանը կարող էր դա անել...Նրանք ուր ասես այն կարող են ուղարկել դիվանագիտական փոստով»,-ասել է քիմիկոսը:

Մարտի 14-ին Reuters-ին տված հարցազրույցում Միրզայանովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները Սկրիպալի դեմ կարող էին հենց «Նովիչոկը» օգտագործել, որի զոհերը տանջանքների մեջ են մահանում, մյուսներին ահաբեկելու նպատակով:

Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումը լավ է հայտնի: Մոսկվան չի ընդունում մերկապարանոց մեղադրանքները և ոչ մի կապ չունի Մեծ Բրիտանիայում տեղի ունեցածի հետ և չի ընդունում վերջնագրերի լեզուն: Այդ մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի երկրից Սկրիպալի գործի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:«Ըստ Վիեննայի կոնվենցիայի, Մեծ Բրիտանիան արտաքսում է ռուս դիվանագետներին որպես հետախուզության քողարկված սպաների: Նրանք մեկ շաբաթ ունեն երկրից հեռանալու համար: Սա կլինի ամենամեծ միաժամանակյա արտաքսումը վերջին 30 տարում»,-ասել է Մեյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---