ԵԼՔ-ը դիմադրության ծրագիր ունի Սարգսյանի վարչապետության դեմ

ԵԼՔ-ը դիմադրության ծրագիր ունի Սարգսյանի վարչապետության դեմ

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ԵԼՔ դաշինքը կհրապարակի իր ճանապարհային քարտեզը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ դիմադրության ծրագիրը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սրգսյանից բացի այլ թեկնածու չունեն։ Եթե մեզ հաջողվի այնպես անել, որ Սերժ Սարգսյանին թույլ չտրվի լինել վարչապետ, դա կնշանակի, որ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնել են իրենց կամքը և վերցրել իշխանությունն իրենց ձեռքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Ա1+»-ը։

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ միավորվելը Նիկոլ Փաշինյանն այս պահին անհնար է համարում։

«Մեզ համար կարմիր գիծ է ոչ բռնի պայքարի սկզբունքը։ Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլ նաև հակագործողություն։ Մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, ովքեր այս սկզբունքը մեզ հետ կկիսեն։ «Հանուն Հայաստան պետության ճակատից» հնչում են տարբեր տեսակետներ և իրարամերժ գնահատականներ. կան գործիչներ, ովքեր ընդունում են ոչ բռնի, համապարպակ պայքարի սկզբունքը, կան գործիչներ, որոնք մերժում են ոչ բռնի պայքարի ռեժիմը։ Քանի դեռ ճակատից միասնական, հստակ տեսակետ չի հնչել՝ չենք կարող համագործակցել»,- հավելել է նա։

Ըստ Փաշինյանի՝ բռնությամբ իշխանությունը վերցնելը հակաիրավական է և ոչ ճիշտ։ Նա հավելել է, որ պետք է տալ ազատություն, որ քաղաքացին ազատվի ընտրակաշառքի գերությունից և կարողանա արտահայտել իր կամքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամենահարմար ժամանակը ապրիլի 9-17-ը ընկած ժամանակահատվածն է, երբ Սերժ Սարգսյանը չի ստանձնի և չի ունենա պետական որևէ պաշտոն։

«Այդ ժամանակ մենք ՀՀ քաղաքացուն կկանչենք հրապարակ Սերժ Սարգսյանի վերադարձը կանխելու համար։ Այդ շրջանում կառավարությունը ևս չի լինելու իշխանության, լինելու են պաշտոնակատարներ։ Այդ ժամանակ ամենագործող ուժը լինելու է ՀՀ քաղաքացին։ Կարող է լինել մեկնաբանություն,որ իմաստ չունի որևէ բան անել։ Բայց մենք ձեռք ենք բերել համոզմունք, որ մենք պարտավոր ենք քաղաքացուն ընձեռել այդ հնարավորությունը։ Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորությունից։ Ես անում եմ իմ քայլը, մենք անում ենք մեր քայլը, բոլորը պետք է անեն իրենց քայլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ: Մի շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած է լինելու», ժողովուրդը կարող է գնալ վերցնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---