ԱԻՆ-ը հրդեհային անվտանգության ստուգումները կշարունակի խիստ ռեժիմով

ԱԻՆ-ը հրդեհային անվտանգության ստուգումները կշարունակի խիստ ռեժիմով

PanARMENIAN.Net - 2018 թ. համար նախատեսված պլանային ստուգումների հետ համատեղ պետք է իրականացվեն նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանվելու է ըստ ռիսկայնության: Ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստում:

Ի կատարումն ավելի վաղ ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ նախարարը տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարել է վարչապետի կողմից սահմանված երկամսյա ժամկետում այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ ստուգումներ և հետազոտություններ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև՝ թերությունների հայտնաբերման ուղղությամբ:

Նախարար Տոնոյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքների և առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծել է, որ հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև տվյալ օբյեկտի գործատուի, աշխատակցի, մասնավորապես՝ անվտանգության աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածության մակարդակը: «Անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակում և տիրապետեն առաջին օգնության ցուցաբերման հմտություններին», - ասել է նա:

«Մենք պետք է նվազեցնենք հրդեհային և տեխնիկական վտանգի ռիսկերը տնտեսվարողի հետ համատեղ աշխատանքով: Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ՝ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտություն» , - անձնակազմին հորդորել է նախարարը՝ նշելով, որ չնայած աշխատակիցների թվի սակավությանը խնդիրը պետք է իրականացնել սահմանված ժամկետներում: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Մկրտչյանը նշել է, որ վերջին օրերին տնտեսվարողներից բավականաչափ զանգեր են ստացվել իրենց կազմակերպություններում հրդեհային անվտանգության հետազոտություններ իրականացնելու խնդրանքով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԻ նախարար Տոնոյանը նաև աշխատանքային զրույց է ունեցել ՀՀ մարզպետների հետ՝ հորդորելով վերջիններիս օժանդակել ՀՀ ԱԻՆ տեսչության մարզային ստորաբաժանումներին իրենց մարզերում հրդեհային անվտանգ համակարգ ապահովելու և հրդեհային ռիսկի գիտակցության գործընթացում:

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում ապրիլի 2-ին ժամը 20։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել։Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---