Մրցույթ հայ ֆրանսախոսների համար. Մրցանակը՝ ուղևորություն դեպի Փարիզ

Մրցույթ հայ ֆրանսախոսների համար. Մրցանակը՝ ուղևորություն դեպի Փարիզ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերենին տիրապետողների համար մեկնարկել է «Et en plus, je parle français en Arménie !»` «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» խորագիրը կրող տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթը: Գլխավոր մրցանակն է ուղևորություն դեպի Փարիզ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող 16-35 տարեկան բոլոր այն անձինք, ում կյանքում ֆրանսերենն ու առհասարակ ֆրանսիական մշակույթը մեծ դեր ունեն:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել առցանց և տեղադրել 40 վայրկյանից 1,5 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ ֆրանսերեն կներկայացվի մասնակցի կապը լեզվի հետ, դրա կարևորությունը նրա կյանքում և մասնագիտական գործունեության մեջ: Ի դեպ, տեսանյութում անպայման պետք է արտասանել գլխավոր նախադասությունը՝ «Et en plus, je parle français en Arménie !»:

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է, որից հետո մրցույթի կազմակերպիչները կընտրեն լավագույն 12 մասնակցին: Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները մայիսի 7-ին կհանդիպեն մրցույթի ժյուրիի անդամներին՝ բանավոր խոսքի մրցույթի շրջանակում: Արդյունքում ընտրված 6 թեկնածուն կանցնի եզրափակիչ և կստանա Հայաստանում ֆրանսերենի դեսպանը դառնալու հնարավորություն: Յուրաքանչյուրի համար կկազմակերպվի պրոֆեսիոնալ լուսանկարում:

Մրցույթի վերջին փուլում՝ մայիսի 12-ից 21-ը, եզրափակիչ անցած մասնակիցների լուսանկարները հանրային քվեարկության կդրվեն: Վերջինիս արդյունքների և ժյուրիի գնահատականի ամփոփումից հետո կընտրվի մրցույթի հաղթողը, ով էլ կստանա գլխավոր մրցանակն ու 2018-ի ամռանը կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

Հայաստանում Ֆրանսայի դեսպանատան այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել հանրության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում ֆրանսերենի կիրառումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---