Զեեւ Էլկին. Իսրայելյան Կնեսետը պատմական որոշում է կայացրել

PanARMENIAN.Net - Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հաջողվել է առաջին հաջողությունն արձանագրել: Ինչպես գրում է Haaretz թերթը, արտգործնախարար Ցիպի Լիվնիի («Կադիմա») փոխարեն կառավարության դիրքորոշումը ներկայացնում էր գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմխոնը («Ավոդա»): Նա առարկություն է ներկայացրել լիագումար նիստին տվյալ հարցի քննարկման վերաբերյալ, սակայն հանկարծակի համաձայնվել է Զեեւ Էլկինի` Հայ-իսրայելյան բարեկամության խորհրդարանական ասոցիացիայի նախագահի («Կադիմա») նախաձեռնության հետ, ով առաջարկել է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Արդյունքում, պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել տվյալ հարցի քննարկմանը կրթության հանձնաժողովի նիստին: Ապա պատգամավոր Հովսեփ Շագալը («Մեր տունը Իսրայելն է»)` Ադրբեջանա-իսրայելյան խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, նոր առաջարկություն է ներկայացրել այդ հարցը արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողով տեղափոելու մասին: Այսուհետ Կնեսետի հարցերով հանձնաժողովը պետք է որոշի` որտեղ է քննարկվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Պատգամավոր Զեեւ Էլկինն ասել է. «Այս որոշումը կարելի է պատմական համարել, չէ որ Կնեսետը առաջին անգամ օրակարգում ընդգրկել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Ֆրանսիական խորհրդարանն ու ամերիկյան Կոնգրեսը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների օրենսդիրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ ժամանակն է, որ Իսրայելի Կնեսետը գոնե սկսի քննարկել այդ թեման», հաղորդում է NEWSru.co.il-ը:



Հիշեցնենք, որ NEWSru.co.il կայքը 2007 թվականի աշնանը հարցում էր անցկացրել «Իսրայելն ու Հայ ժողովրդի ցեղասպանությունը» թեմայով: Հարցմանը մասնակցել է 561մարդ, որոնցից 509 պատասխանել են բոլոր հարցերին: Ինչպես ցույց տվեց հարցումը, հարցման ենթարկվածների մեծ մասը` 82,5 տոկոսը համակարծիք է, որ Հոլոքոսթ վերապրած Իսրայելի ժողովուրդն իրավունք չունի ժխտելու այլ երկրների ժողովրդների աղետները: Ընդ որում 72,4 տոկոսը համարում է, որ Իսրայելը 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները պետք է ճանաչի որպես Հայ ժողովրդի ցեղասպանություն: Հատկանշական է, որ մասնակիցների միայն 43,8 տոկոսն է կարծում, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու գնով, 35,2 տոկոսը հայտարարում է, թե նման գին Իսրայելը չպետք է վճարի: 48 տոկոսը կարծում է, թե Թուրքիային հնարավոր է համոզել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մեջ: 32,2 տոկոսը նման հեռանկարին չի հավատում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---