ԱԻՆ. Մանկահասակ երեխաներին թողեք տանը

ԱԻՆ. Մանկահասակ երեխաներին թողեք տանը

PanARMENIAN.Net - Երևանում և այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների: Այդ մասին ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է անում հանրահավաքների և երթերի ընթացքում ցուցաբերել աչալրջություն՝ հաշվի առնելով, որ մարդկանց զանգվածային հավաքների և անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը, խուճապը կարող են հանգեցնել մարմնական, այդ թվում՝ նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների:

«Հավաքների և երթերի մասնակիցներին հորդորում ենք՝ մանկահասակ երեխաներին թողնել տանը, հետը չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ, հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով, մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար

Հիշեցնում ենք, որ հանրահավաքների, ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական՝ ճայթռուկների, հրավառությունների, ծխագլանակների, ջահերի և այլ միջոցների կիրառումը: Ուստի՝ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, հատկապես՝ մարդկային զանգվածի մեջ գտնվելիս, քանի որ դրանց կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով բազմամարդ հանրահավաքների ժամանակ կիրառվող լուսաձայնային մեծաքանակ տեխնիկայի առկայությունը՝ հանրահավաքների մասնակիցներին հորդորում ենք լուսաձայնային սարքավորումներից և էլեկտրական լարերից պահպանել անվտանգ հեռավորություն:

Նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ շուրջօրյա, անվճար 911 կամ 112 հեռախոսահամարներով:

Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:

Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---