ՀՔԾ. Ըստ հաղորդման` պաշտոնատար անձինք խոշոր կաշառք են ստացել

ՀՔԾ. Ըստ հաղորդման` պաշտոնատար անձինք խոշոր կաշառք են ստացել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ըստ հաղորդման` պաշտոնատար անձինք խոշոր կաշառք են ստացել և անցել պաշտոնեական լիազորությունները: «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017-ի նոյեմբերին Երևան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան և հեռախոսը, ինչպես նաև ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից և ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան: Կալանավորը հայտնել է նաև, որ իր դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալու համար նույն քննիչը քրեական գործով մեղադրյալ Ա. Վ.-ին ազատել է արգելանքից:

Ա. Վ.-ն իր հերթին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.11.2017-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցն իր կնոջը ոստիկանություն բերելու և քաշքշուկի մեջ ներքաշելու սպառնալիքներ տալու միջոցով ստիպել է Քննչական կոմիտեի վերը նշված քննիչի կողմից հարցաքննվելու ժամանակ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Մասնավորապես, ստիպել է հայտնել, թե 2017-ի հոկտեմբերին Արարատի մարզի դպրոցներից մեկից կատարված գողությանը մասնակցել են նաև իր ընկերները, այդ թվում` Ս. Հ.-ն, սակայն իրականում գողությունը մենակ է կատարել: Ըստ Ա. Վ.-ի` այդ մասին տեղյակ է եղել նաև նույն ավագ քննիչը:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին և 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---