ԼՂՀ-ն իրավասու է պնդել իր փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու իրավունքը

PanARMENIAN.Net - Որքանով Ադրբեջանը իրավասու է միջազգային բոլոր ատյաններում պնդել իր տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը, նույնքանով, եւ ավելին ԼՂՀ-ն իրավասու է միջազգային ցանկացած ատյաններում, եւ առաջին հերթին` ԱԺ-ի` իր ներկայացուցչական բարձրագույն մարմնի մակարդակով պնդել իր փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու իրավունքը: Այդ մասին Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Մենք պետք է այս առումով ինչ-որ տեղ ճանապարհ հարթենք գործադիր իշխանության հետագա քայլերի համար: Որովհետեւ նա ավելի ազատ կլինի իր գործողություններում այն դեպքում, եթե ունենա օրենսդիր մարմնի երաշխավորված կարծիքը: Այսօրվա քննարկումները մտնում են 2 տարի առաջ Ազգային ժողովում` ղարաբաղյան կարգավորման թեմայով անցկացված լսումների ընդհանուր համատեքստի մեջ: Այդ լսումներից հետո ԱԺ-ն ընդունել է միայն միջանկյալ եզրակացություն, վերջնական եզրակացություն դեռեւս ընդունված չէ: Հաշվի առնելով այսօր արդեն փոխված իրավիճակը, եւ ես գտնում եմ, որ բանակցային գործընթացում իրավիճակը այսօր արմատապես փոխված է, անհրաժեշտություն կա, որպեսզի ԼՂՀ ԱԺ-ն` որպես ներկայացուցչական մարմին իր վերջնական ամփոփ տեսակետը արտահայտի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Այսօրվա քննարկումները կրում են խորհրդատվական բնույթ: Ըստ անհրաժեշտության մենք շարունակելու ենք այսպիսի խորհրդատվությունները, եւ չի բացառվում, որ ԱԺ-ն անցկացնի արդեն համապարփակ լսումներ, որոնց արդյունքում կընդունվի ԱԺ վերջնական եզրակացությունը, որը կարտահայտի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի միանշանակ վերաբերմունքը»,-նշել է Վահրամ Աթանեսյանը, հաղորդում է KarabakhOpen.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---