Արարատ Միրզոյանը կոչ է անում Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը

Արարատ Միրզոյանը կոչ է անում Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հորդորում է Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը: Նա այդ մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը: Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է», - ասվում է գրառման մեջ։

Միրզոյանը հավաստել է, որ ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Գրառման մեջ ասվում է, որ հին համակարգը, միևնույն է, տեղի է տալում հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը դրա համար իր առողջությանն անդառնալի վնաս հասցնելու կարիքը չունի։

«Հ.Գ. Տեղեկացնեմ, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում եմ/ենք հասկանալ մյուսների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա ծռերի փաստաբաններին», - ասվում է գրառման մեջ։

Չուգասզյանը «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մյուս ղեկավարների հետ կալանավորվել էր 2015-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով:Նրա խափանման միջոցը փոխվել է 2018-ի մայիսի 11-ին:

ԵԼՔ-ից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն էին ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---