Հեծանվորդները տոնական երթով շարժվել են դեպի Սարդարապատ

Հեծանվորդները տոնական երթով շարժվել են դեպի Սարդարապատ

PanARMENIAN.Net - Ավելի քան 100 հեծանվորդ մայիսի 28-ի վաղ առավոտյան մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական երթով Հանրապետության հրապարակից շարժվել է դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Նախագիծն իրականացնում է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

«Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մշտապես մասնակցում է բոլոր համապետական տոներին. «Մեր այս նախաձեռնությամբ քարոզում ենք ոչ միայն առողջ ապրելակերպն ու հեծանվային մշակույթը, այլև առհասարակ հեծանվային փիլիսոփայությունը, որն իր մեջ ներառում է շատ-շատ դրական լիցքեր, և հուսով ենք՝ մեր այսօրվա միջոցառումը ոչ միայն քաղաքին կհաղորդի տոնական շունչ, այլև շատերը կվարակվեն հեծանվային վարակով»։

Նա նաև նշել է, որ Երևանն իդեալական քաղաք է հեծանիվ վարելու համար, սակայն պետք է որոշակի նախապայմաններ ստեղծել հեծանվային երթևեկությունն էլ ավելի անվտանգ կազմակերպելու համար։

Հեծանվային երթին մասնակցել են Երևանի և մարզերից ժամանած հեծանվորդներ։ Արշավը մեկնարկելուց առաջ բոլոր հեծանվորդները ծանոթացել են երթի կանոններին։

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։ 1918 թվականի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---