Ֆրանսիայի ԱԳ նախարար. ԼՂ հարցում ստատուս քվոն և ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է կրեատիվ մոտենալ

Ֆրանսիայի ԱԳ նախարար. ԼՂ հարցում ստատուս քվոն և ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է կրեատիվ մոտենալ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով, հայտնում է Aysor.am-ը։

«Ես մշտապես իրազեկվում եմ դեպքերի վերաբերյալ, և մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ այս հարցի լուծման ուղղությամբ ու կհաստատի խաղաղություն ու կայունություն», - ասել է Ժան Իվ լը Դրիանը։

Նախարարը հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ ժողովրդավարություն կառուցելու գործում: Նա նշել է, թե հպարտ է, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն է, որն այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ ունենում Հայաստանի նոր կառավարության հետ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը մեծ ոգևորությամբ է սպասում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը չափազանց կարևոր է երկու երկրների համար:

Անդրադառնալով ԵՄ հետ համաձայնագրին՝ Լը Դրիանը նշել է. «Այդ համաձայնագիրը լիովին համապատասխանեցված է Հայաստանի մյուս միջազգային պարտավորությունների հետ, և դուք միակն եք, որ այսպիսի գործակցություն պիտի ունենաք ԵՄ հետ»,-հավելել է նա։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ներկայիս կարևորագույն նպատակն է, որ Արցախը ներգրավվի բանակցությունների մեջ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:«Կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները և, բնական է, մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է, առաջին հերթին, մեր շահերի ու նպատակների արտահայտությունը, որի հիմքում Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն է», - ասել էր նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---