ՀԾԿՀ փոխնախագահ. Ջրի սակագնի նվազում չի սպասվում

ՀԾԿՀ փոխնախագահ.  Ջրի սակագնի նվազում չի սպասվում

PanARMENIAN.Net - Ջրի սակագանի վերանայում այս պահի դրությամբ հնարավոր չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը։

Նա հիշեցրել է, որ 2016-ին կառավարության կողմից կազմակերպված միջազգային մրցույթի ժամանակ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել, որից հետո նաև ձեռք էր բերվել սակագնային համաձայնագիր։ Վերջինիս համաձայն՝ ջրի սակագնի նվազում չի սպասվում, հայտնում է Aysor.am-ը։

«Ըստ համաձայնագրի՝ մինչև 2023 թիվը յուրաքանչյուր տարի սակագնի աճ է նախատեսվում, և 2023 թվականից հետո նոր դեպի նվազում՝ մինչև վարձակալության 15-րդ տարվա ավարտը», - նշել է Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ դրված են ճշգրտված մեխանիզմներ, որոնց համաձայն ամեն տարի պետք է սակագինը ճշգրտվի, որի ժամանակ նաև դիտարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը, գնաճը և խմելու ջրի մատակարվող ծավալների փոփոխությունը։

Թե ինչ սակագին կսահմանվի հաջորդիվ, Միքայել Սողոմոնյանն ընդգծել է, որ մինչև օգոստոսի առաջին կեսը «Վեոլիա ջուրը» օրենքով սահմանված կարգով իր հայտը կներկայացնի, որից հետո ուսումնասիրություններ կկատարվեն։

«Յուրաքանչյուր տարի քննարկում ենք ունենում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ և ամեն տարի վերանայում ենք սակագները», - հավելել է նա։

2017-ին Հայաստանի կառավարությունը ջրամատակարարման սակագնի թանկացումը սուբսիդավորելու նպատակով 2018-ի համար 1,289 մլրդ դրամ էր հատկացրել Ջրային տնտեսության պետական կոմիտեին: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այն ժամանակ հայտարարել էր. «2018-ին սուբսիդավորումը իրականացվելու է այնպես, որ ՀՀ բոլոր քաղաքացիները չզգան թանկացման բեռը, իսկ 2019-ին թիրախավորվելու է սոցիալապես անապահով խավը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---