ԵՊՀ պրոռեկտորներ. ԵՊՀ ռեկտորի հանդեպ բռնություն է գործադրվել, ԿԳՆ-ն պետք է գնահատական տա

ԵՊՀ պրոռեկտորներ. ԵՊՀ ռեկտորի հանդեպ բռնություն է գործադրվել, ԿԳՆ-ն պետք է գնահատական տա

PanARMENIAN.Net - ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով մայիսի 30-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին՝ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները պահանջել են բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, խոչընդոտել են նրա ելքը նիստերի դահլիճից, իսկ ռեկտորի ինքնազգացողությունը վատթարացել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը գնահատվում է ծանր:

Նախաձեռնության կողմից բարձրացված հարցերը քաղաքակիրթ մեթոդներով քննարկելու և լուծումներ գտնելու ԵՊՀ ղեկավարության եռանդուն ջանքերն արդյունք չեն տվել, և նախաձեռնության անդամները շարունակել են իրենց գործողությունները՝ գիշերել են համալսարանում՝ խախտելով ԵՊՀ ներքին կարգապահության և անվտանգության ապահովման կանոնները»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակներն անթույլատրելի են համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունը նշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը և տվել են համապատասխան ցուցումներ:

Նշվում է, որ անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին, ինչպես նաև տարակուսելի է Հայաստանի բուհական համայնքի լռությունը…

«Նման իրավիճակում գործող իշխանությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Երևանի պետական համալսարանի բնականոն գործունեությունը վերականգնելու, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճը և դրա հարակից տարածքները նախաձեռնության անդամների ներկայությունից ազատելու ուղղությամբ և այսօրինակ գործողությունները բացառելու նպատակով՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Միաժամանակ դիմում ենք իրավապահ մարմիններին, սույն հայտարարությունում նշված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 29-ին Արամ Սիմոնյանը պատասխանել էր իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել էին նրա ելքը նիստերի դահլիճից: Նրա ինքնազգացողությունը վատացել էր: «Շտապ օգնություն» էր հրավիրվել: Ավելի ուշ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նոր մտա Արամ Սիմոնյանի մոտ, ասաց, որ իրեն լավ է զգում: Մենք ասացինք, որ չենք խոչընդոտի իր դուրս գալը, բայց նա ցանկանում է մնալ»:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ:

Նախաձեռնության մասնակիցները կոչ էին անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---