Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ էր ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։

Ավելի վաղ քրգործ էր հարուցվել Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկում Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու դեպքի առիթով: Դատախազությունը մերժել էր միջադեպի առիթով քրգործ հարուցել՝ տուժածի բողոքի բացակայության հիմքով: Սակայան, կառավարության մայիսի 17-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել միջադեպին համարժեք իրավական գնահատակ տալու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---