«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացվել

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել՝ փոխել Հարությունյանի կալանքը անձնական երաշխավորության դիմաց և ազատ արձակել դատարանի դահլիճից։

Դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու նպատակով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սարգսյանը նշել է, որ պաշտպանյալի համար անձնական երաշխավորություն են տվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ գրավ։ Նա հրապարակել է պատգամավորների երաշխավորության նամակը, որտեղ երաշխավորում են, որ ազատության մեջ Հարությունյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի ներկայանալ դատական նիստերին։

Միևնույն ժամանակ, փաստաբանը շեշտել է, որ պաշտպանյալը, որը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վիրավորում էր ստացել ոտքից, ստացիոնար բուժման կարիք ունի։ Անցած երկու տարվա ընթացքում նա, ըստ էության, բուժում չի ստացել։ Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել է Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ նա կարիք ունի ստացիոնար բուժման։ Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը կարծիք է հայտնել, որ մեղադրյալին ստորագրությամբ ազատ արձակելու հանգամանքը չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը, միևնույն ժամանակ՝ առկա վնասվածքները թուլացնում են քննությանը խոչընդոտելու վտանգը։

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---