Վարչապետ. Բոլոր երեխաներս ստացել և ստանալու են բոլոր պատվաստումները

Վարչապետ. Բոլոր երեխաներս ստացել և ստանալու են բոլոր պատվաստումները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր բոլոր երեխաները ստացել և ստանալու են բոլոր պատվաստումները և կոչ է արել բոլորին հետևել իրենց օրինակին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքայն էջի ուղիղ եթերում՝ պատասխանելով պատվաստումների մասին հարցին:

Վարչապետը նշել է, որ որոշ կարծրատիպեր կան պատվաստումների հարցում, սակայն, հավաստիացրել է, որ իր երեխաները պատվաստվել են նույն պատվաստանյութերով, ինչ մյուս բոլոր երեխաները:

«Հայաստանն այս պահին ձեռք է բերում շուկայում գոյություն ունեցող լավագույն պատվաստանյութերը: Ցանկացած երկրում լինում են իրավիճակներ, երբ խնդիրներ են առաջանում պատվաստանյութերի հետ կապված, դա շատ ցավալի է: Բայց դա չի նշանակում, որ պետք է առհասարակ կասկածի տակ առնել պատվաստման պրակտիկան»,- ասել է Փաշինյանը՝ մեկ անգամ ևս հավելելով, որ Հայաստանը գնում է որակյալ պատվաստանյութեր:

Վարչապետը հայտնել է նաև, որ վերջին շրջանում որոշվել է միջոցներ հատկացնել պատվաստանյութերի նոր խմբաքանակ ձեռք բերելու համար:

Առողջապահության նախարարությունը պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին հայտարարություն էր տարածել, համաձայն որի հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:«Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում և դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի և 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ: Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը», - նշվում է հայատարարության մեջ:

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---