ՔԿ. Ծառուկյանի թիկնազորի պետը 50-ամյա տղամարդու է ծեծել

ՔԿ. Ծառուկյանի թիկնազորի պետը  50-ամյա տղամարդու է ծեծել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել1968 թվականին ծնած Երևան քաղաքի մի բնակչի, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Կարդացեք նաև․ Ըստ հաղորդման, «Օլիմպավանում» ծեծվածին հարվածել է նաև Ծառուկյանը

2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:

Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնել էինք, որԷդուարդ Բաբայանը ձերբակալվել է՝դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (ՀՀ քրեական օրեսնգրքի 112 հոդվածի հատկանիշներով) կասկածվելու համար:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---