ԱՆ. «Գուլիվերում» աղիքային վարակի պատճառը սաննորմերի և հիգիենայի կանոնների խախտումներն են

ԱՆ. «Գուլիվերում» աղիքային վարակի պատճառը  սաննորմերի և հիգիենայի կանոնների խախտումներն են

PanARMENIAN.Net - «Գուլիվեր» մանկապարտեզում աղիքային վարակի պատճառը սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներն են: Առողջապահության նախարարությունն ամփոփել է իրականացված հետազոտությունների արդյունքները:

Նշված մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա:

Ըստ մասնագետների, անջատված հարուցիչը բնորոշ է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակի, որի առաջացման հավանական պատճառը կարող է դիտարկվել սննդամթերքի երկրորդային աղտոտվածությունը։ Դրա մասին են վկայում նաեւ խոհանոցում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքների շեղումները (խոհանոցի արտաքին մակերեսներից վերցված նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մանկապարտեզում իրականացված պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, սառնարանում առկա է եղել առանց պատշաճ մակնշման կաթնամթերք (մածուն), ինչպես նաև ժամկետանց մակարոնեղեն:

Տրվել են անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարականներ, իսկ ժամկետանց և մակնշման թերություններով սննդամթերքը ոչնչացվել է:

Չնայած աղիքային վարակների սեզոնային ակտիվացմանը՝ «Գուլիվեր» մանկապարտեզում արձանագրված աղիքային վարակի դեպքը վկայում է տեղային բռնկման մասին: Այդ է փաստում կարճ ժամանակահատվածում համաճարակաբանորեն միմյանց հետ կապ ունեցող դեպքերի արձանագրումը, որը բնորոշ է աղիքային վարակների, տվյալ դեպքում՝ դիզենտերիայի, գաղտնի շրջանին»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---