Վայոց ձորում Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքով նյութեր են պատրաստվում

Վայոց ձորում Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքով նյութեր են պատրաստվում

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում հուլիսի 14-ին Վայոց ձորի մարզի Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ կաթողիկոսը ուխտի է մեկնել Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը։

«Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում», - ասվում էր գրառման մեջ:

Նշված հրապարակման առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում քննության առարկա են դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մի քանի շաբաթ է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իրականացնում են տարաբնույթ բողոքի ակցիաներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---